Ն. Զոհրաբյան. Տողատակերով առաջարկված փոփոխությունները լրջագույն ռիսկեր են պարունակում

07/16/2015

Նախօրեին տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են արդեն հրապարակված սահմանադրական փոփոխությունների դրույթները։ Aysor.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախ նշեց, որ այն կարծիքին է՝ երեկ հրապարակված Սահմանադրության դրույթները հենց այդ տեսքով էլ կդրվեն հանրաքվեի:

«Մենք նախօրեին քննարկեցինք հիմնական շեշտադրումները և պիտի ասեմ, որ ԲՀԿ դիրքորոշումը մնում է անփոփոխ. այո, ունենալով մեր ծրագրային հիմնադրույթներում խորհրդարանական համակարգին անցնելու դրույթ, այդուհանդերձ մեր մտահոգությունները այդ մոդելի հետ կապված մնում են չփարատված, մենք տեսնում ենք ռիսկեր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դեռևս ԲՀԿ-ում մասնագիտական քննարկում չեն  անցկացրել, այն տեղի կունենա առաջիկայում, որից հետո միայն իրենց  դիրքորոշումը այս կամ այն դրույթի վերաբերյալ կհստակեցվի: Բայց պատգամավորի առաջին տպավորությամբ՝ բավականաչափ տողատակերով փոփոխություններ են առաջարկվում, բազմաթիվ դրույթներում լրջագույն ռիսկեր կան և բազմաթիվ այդ դրույթները մնում են իրենց  համար չպարզաբանված ու անհասկանալի.

«Մենք հիմա փորձելու ենք հասկանալ, թե աշխարհի որևէ այլ երկրում կա նման բան, որ, օրինակ, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին են մասնակցում առավելագույն ձայներ հավաքած երկու կուսակցությունները միայն: Մեր փորձագետներին հանձնարարել ենք այս հարցը ուսումնասիրել, որովհետև ես ինքս չեմ մտաբերում որևէ երկրի Սահմանադրություն, որտեղ նման մոդել լինի ամրագրված: Հենց այդ դրույթը մեր նախնական տպավորությամբ բավականաչափ ռիսկեր է պարունակում և, ըստ էության, մենք գործ ունենք մի փոփոխության հետ, որը տանելու է միակուսակցական կառավարման»,- շեշտեց նա՝ կրկնելով, որ այս և մի շարք այլ դրույթներ կուսակցության մասնագետներն ու փորձագետները  մանրամասն, դրույթ առ դրույթ դեռ պետք է ուսումնասիրեն:

Հիշեցնենք, ըստ հրապարակված նախագծի՝   եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի ընթացքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովի գործընկերները մասնավոր զրույցներում ԲՀԿ-ականներին հորդորել են մարդու իրավունքների և դատական համակարգին առնչվող դրույթների վերաբերյալ բովանդակային քննարկումներին մասնակցել, բայց շատ կարևոր են նաև մնացած դրույթները.

«Օրինակ՝ ո՞վ է ոչ պատերազմական ժամանակ լինելու գլխավոր հրամանատար և ընդհանրապես և այլն: Ես ինքս սահմանադրագետ չեմ և կդժվարանամ  պորֆեսիոնալ գնահատական տալ, թե այս կամ այն խնդրահարույց դրույթի լուծումը իրականում որն է, բայց մեր փորձագետների քննարկումից հետո նրանք կներկայացնեն մասնագիտական քաղաքական խորհրդին, որն էլ կքննարկի դրանք»:

Բայց, հավելեց ԲՀԿ նախագահը, ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական  մոդելին անցնելուն, ապա  կուսակցությունը մնում է իր դիրքորոշմանը, այն է.

«Այսօր խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մեջ լրջագույն ռիսկեր կան»: