ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԸ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 47-ԱՄՅԱԿԸ

10/26/2010

Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը քաղաքի 47-ամյակի կապակցությամբ այցելել էր Աբովյան: Աբովյանցիները ԲՀԿ առաջնորդին դիմավորեցին մեծ ոգևորությամբ ու ավանդական աղուհացով: Միջոցառումների շարքը մեկնարկեց Քաղաքապետարանին հարակից Հաղթանակի հրապարակի ամբողջությամբ վերանորոգված զբոսայգու բացման արարողությամբ: Զբոսայգու բացման կարմիր ժապավենը կտրեցին  “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը և Աբովյանի նախկին քաղաքապետ՝ Կարո Իսրայելյանը:



Հանդիսությունների շարքը “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի հովանավորությամբ շարունակվեց քաղաքի մարզադաշտում: Իր շնորհավորական խոսքում  Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ քաղաքի զարգացման գործընթացը շարունակական է լինելու և միայն տարիների երկարատև աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել բարգավաճ Աբովյան ու բարեկեցիկ կյանքով ապրող աբովյանցիներ ունենալուն:

Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը իր հերթին ողջունեց ու շնորհավորեց իր համաքաղաքացիներին: “Բոլորս պետք է գնահատենք մեր քաղաքի պատմական անցյալն ու կառուցենք նորը”:

Քաղաքի 47-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվեցին շքեղ հրավառությամբ: