Ն.Զոհրաբյան. Ադրբեջանցիների առաջարկած «բազառը» չանցավ

06/24/2015

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ադրբեջանը տանուլ տվեց ԵԽԽՎ-ում: Այդքան երկար փափագած զեկույցից, որն անդրադառնում էր Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը,  դուրս բերվեց Հայաստանի կողմից անընդունելի ՝ «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» պարբերությունը։

Aysor.am-ը զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, կարելի է ասել, որ նախօրեին աննախադեպ բան է տեղի ունեցել ԵԽԽՎ-ում՝ առաջին անգամ Ադրբեջանը չի կարողացել անցկացնել իր համար կենսական նշանակություն ունեցող ձևակերպումը բանաձևում, թե՝ «Հայաստանը  օկուպացրել է Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 տարածքները»:

-Այո, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ըստ էության բեկում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդում: Առաջին անգամ Ադրբեջանը, որն այս օրերին մոբիլիզացրել էր իր ողջ ներուժը, մոբիլիզացրել էր իր ողջ լոբբիստներին, հսկայական գումարներ էր ծախսել ապահովելու համար իր  լոբբիստ պատգամավորների ներկայությունը և Մոնիթորինգի հանձնաժողովում, և լիագումար նիստում չկարողացավ  անցկացնել իր համար իրոք կենսական նշանակություն ունեցող ձևակերպումը, որ Հայաստանը օկուպանտ է: Մենք ունենք տեղեկություններ, որ Ադրբեջանը փորձել է բանակցել ԵԽԽՎ ղեկավարության հետ, Մոնիթորինգի հանձնաժողովի տարբեր անդամների հետ, բանակցել են տարբեր պատգամավորների հետ, որ իրենք համաձայն են, որ զեկույցում ներառվի Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը քննադատող ցանկացած ձևակերպում, որ ներառվի անգամ, որ Ալիևը Եվրոպայի վերջին բռնակալն է, որ բանտերը լցված են քաղբանտարկյալներով և լրագրողներով: Որ իրենք ամեն ինչի համաձայն են և աչք կփակեն այդ բոլոր ձևակերպումների վրա, միայն որպեսզի զեկույցի նախնական տեքստից չհանվի Ադրբեջանի կարկառուն լոբբիստներ Ագրամունդի և Իվինսկու հետևյալ ու իրենց համար կարևոր ձևակերպումը այն մասին, թե «ԵԽԽՎ-ն լիովին տեղյակ է Հայաստանի կողմից  Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս յոթ տարածքների օկուպացիային»: Ի դեպ, եթե այս պարբերությունը չհանվեր, ապա առաջին անգամ կլիներ նման ձևակերպում ԵԽԽՎ կողմից ընդունվող որևէ փաստաթղթում:

Կրկնում եմ, իրենք պատրաստ էին ամեն ինչի, որ ամբողջ զեկույցը լինի ծայրից ծայր քննադատություն Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Եվ այդ գործարքը բացահայտ ու հրապարակային առաջարկեց Ադրբեջանի համազեկուցող Իվինսկին: Բայց բարեբախտաբար ադրբեջանցիների առաջարկած «բազառը» չանցավ: Ես նախօրոք արդեն ասել էի, որ այս զեկույցը, ըստ էության, Եվրոպայի խորհրդի հեղինակության խնդիրն է և դրանով վերջնականապես պարզ կդառնա՝  ԵԽ-ն Ադրբեջանի պատանդն է, թե ոչ: Կան պատգամավորներ, որոնք նախկինում սպասարկել են Ադրբեջանի շահը, բայց սկսել են հասկանալ, որ այս ճանապարհով իրենք ուղղակիորեն կրծանում են Եվրոպայի խորհուրդը:

-Սա կարող ենք համարել  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության իրապես լավ աշխատանքի արդյունք:

-Մենք սա պետք է համարենք այն աշխատանքի արդյունք, ինչի մասին ես խոսում էի վաղուց և երկար ժամանակ, որ  արտգործնախարարություն- դեսպանություններ- սփյուռք եռամիասնությունը ճիշտ չէր աշխատում: Առաջին անգամ գործի դրվեց այդ մեխանիզմը. հրաշալի աշխատեցին ԵՄ-ում մեր մի քանի դեսպաններ, հրաշալի աշխատեցին սփյուռքի մեր տարբեր կառույցները և ուղղակի փայլուն աշխատեց հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում՝ անկախ քաղաքական պատկանելիությունից և անկախ տարբեր կուսակցությունների միջև եղած ներքին տարաձայնություններից, որոնք մենք կարող ենք  բարձրաձայնել Հայաստանում, բայց ոչ միջազգային հարթակներում: Ահա այսպես պետք է աշխատել, ահա այս համատեղ աշխատանքի բացակայությունն էր նաև, որ մենք ունենում էինք խնդիրներ:

Պետք է կրկնեմ, որ Եվրոպայի խորհուրդը հասկացավ, որ այս կերպ, այս ճանապարհով՝ անընդհատ գնվելով ու դառնալով Ադրբեջանի պատանդը Եվրոպայի խորհուրդը գնում է ուղիղ կործանման: Եվ հենց այս գիտակցումը գլուխ բարձրացրեց որոշ այն պատգամավորների մեջ, որոնք նույնիսկ տոտալ պահանջի ու ճնշումների ներքո, թեև տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից վարձատրվել էին, հրաժարվեցին կատարել Իլհամ Ալիևի հրահանգն ու պատվերը:

Ի դեպ, մինչև Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը Եվրոպայի խորհրդում բավականին փորձառություն ունեցող պատգամավորներ ևս, ովքեր իրապես անընդունելի էին համարում ԵԽ բռնած այս ճանապարհը  մեզ ասում էին՝ մենք ձեզ կաջակցենք, բայց դուք էլ շատ լավ գիտեք, որ հույս չկա, մենք էլ հույս չունենք, որովհետև Եվրոպայի խորհուրդը ամբողջովին գնված է Ադրբեջանի կողմից: Թե Մոնիթորինգի հանձնաժողովում, թե լիագումար նիստում քվեարկությունից հետո նույն այդ մարդիկ, որոնք ասում էին, որ սա իրապես անսպասելի անակնկալ էր ասացին, որ Եվրոպայի խորհրդի փրկության հույս այդուհանդերձ կա:

24.06.15, 12:35

Լիա Խոջոյան