Զոհրաբյան. Հայաստանը լրջորեն պետք է մտածի, թե ինչպես է կարգավորելու ԵԽ հետ իր հարաբերությունները

06/22/2015

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բավականին ծանրաբեռնված օրակարգ է, հատկապես Հայաստանի պատվիրակության համար.

«Հայտնի է, որ վաղը  քննարկվելու է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդի և Թադեուշ Իվինսկու զեկույցը՝  Ադրբեջանում ժողովրդավարական  ինստիտուտների վերաբերյալ: Խնդիրը նրանում է, որ այս զեկույցը, ըստ էության, նվիրված է Հայաստանին, ասել է թե՝ Ադրբեջանում ժողովրդավարությունը չի կայանում, քանի որ հայկական լոբբին է խանգարում, Հայաստանի նպատակն է առաջին եվրոպական խաղերի տապալումը և այլ անհեթեթություններ».- թվարկեց պատգամավորը՝ մատնանշելով ամենազավեշտալիին.

«Ամենազավեշտալին այն է, որ ժողովրդավարության մասին զեկույցում, որտեղ պիտի խոսվեր Ադրբեջանում տիրող իրավիճակի, 80-ից ավելի քաղբանտարկյալների մասին և այն մասին, որ այսօրվանից արդեն ԵԽԽՎ դիմաց Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները ցույց են կազմակերպել Ալիևի և Ադրբեջանում տիրող բռնատիրական կարգերի դեմ, այս ամենի փոխարեն մեր խավիարակեր Ագրամունդն ու Իվինսկին Ադրբեջանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցում ներառել են դեռևս գոյություն չունեցող մի զեկույցի վերնագիր՝ նշելով, որ Եվրապոյի խորհուրդն ընդունում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների «օկուպացիան»: Բայց դա ներկայացվելու է այսպես՝ կներեք, դա մեր զեկույցի թեման չէ, դրան կանդրադառնա Բոբ Վոլտերը… այսինքն հայտնի ոջիլի պատմությունն է՝ Ադրբեջանի կողմից վարձատրվող համազեկուցողներին ընդամենը պետք է այդ զեկույցում, որը բացարձակապես կապ չունի ոչ Լեռնային Ղարաբաղի հետ, ոչ էլ Հայաստանի մեկ անգամ ևս արձանագրել Ադրբեջանի մոտեցումը, թե իբր Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է՝ «օկուպացված» Հայաստանի կողմից»:

Նաիրա Զոհրաբյանը կրկնեց՝ այս զեկույցի խնդիրը վաղուց  արդեն դադարել է լինել Ադրբեջանը, սա արդեն Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է և անձամբ իր համար դրանք արդեն նույն նժարի վրա են դրված: Հայկական պատվիրակությունը, տեղեկացրեց նա, ամեն ինչ անելու է, որ այդ պարբերությունը Ադրբեջանին վերաբերող զեկույցից դուրս բերվի, իսկ  եթե դա չարվի, ապա ճիշտ է ինքը, որ իր ելույթում էլ նշելու է, որ Եվրոպայի խորհուրդը Ալիևի պատանդն է.

«Սա է այս զեկույցի գինը»,- շեշտեց նա:

Եվ եթե ԵԽԽՎ պատգամավորները չնպաստեն նրան, որ նման անհեթեթ պարբերությունները հանվեն զեկույցից, ապա, ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը, Հայաստանը լրջորեն պետք է մտածի, թե ինչպես է կարգավորելու Եվրոպայի խորհրդի հետ իր հետագա հարաբերությունները:

Ինչ վերաբերում է նստաշրջանի օրակարգում ներառված այլ հարցերի, ապա նախատեսվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի ելույթը, որին հետևելու է ավանդական հարցուպատասխանը, երկու զեկույց կա նվիրված խոսքի ազատությանը, դարձյալ քննարկվելու է Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից  զրկելու հարցը, որը հետաձգված էր մինչև այս նստաշրջան:

Պատգամավորը նշեց, որ նախագծում կրկին որոշակի նախապայմաններ են առաջադրված Ռուսաստանին՝ Ղրիմի վերադարձ և այլն, բայց և վստահություն հայտնեց, որ ԵԽԽՎ երբեք չի գնա դրան ու չի հեռացնի ՌԴ-ին ԵԽ-ից: Բացի այս, նաև ԵԽ անդամ երկրներում վերջին տարիներին նկատվող ահագնացող երևույթին է անդրադարձ կատարվելու, ինչպիսին է տնտեսական, օլիգարխիկ և քաղաքական բևեռների կողմից մամուլի ֆինանսավորումը, ինչն ազդում է մամուլի անկախության վրա: Կքննարկվի նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը և ըստ Ն.Զոհրաբյանի սպասումների՝  խնդիրը կրկին կտեղափոխվի Ուկրաինա-Ռուսաստան բանավեճի դաշտ:

«Այնպես որ, կրկնում եմ, բավականին լարված նստաշրջան է մեզ սպասվում»,- հավելեց մեր զրուցակիցը: