Ն. Զոհրաբյան. ՀԷՑ-ը պետք է հիմնավորի, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին վճարի մասնավոր ընկերությունների վատ մենեջմենթի համար
Այսօր առավոտյան ԲՀԿ խմբակցությունում կայացած նիստի ընթացքում ևս ՀԱԿ մեր գործընկերներն առաջարկեցին, որպեսզի ստորագրահավաք նախաձեռնվի, որով ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, սակայն մյուս քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» գտնում են, որ առավել օպտիմալ տարբերակը ոչ թե ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն է, այլ խորհրդարանական լսումներ հրավիրելը, ինչն առավել արդյունավետ ճանապարհ է, օր առաջ կասեցնել հնարավոր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով քննարկումը, հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կրկին վերամիավորվել էին նույն սեղանի շուրջ, որտեղ քննարկում էին այս անգամ հնարավոր էլեկտրաէներգիայի թանկացումը:
«Այս լսումները կլինեն բաց, թե փակ, կորոշվի առաջիկայում, իսկ լայն ֆորմատով լսումներին պարտադիր պետք է հրավիրենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Պատրաստվում ենք հրավիրել նաև էներգետիկայի նախարարին ու այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր հայտ են ներկայացրել ՀԾԿՀ-ին, որպեսզի կարողնանք բոլոր այդ շահագրգիռ կողմերի հետ քննարկել ու հասկանալ, թե ինչու են ուզում էլեկտրաէներգիան թանկացնել»,- ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ ՀԷՑ-ը պետք է հիմնավորի ու փաստի, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին վճարի մասնավոր ընկերությունների վատ մենեջմենթի ու վատ կառավարման համար: «Երբ ՀԷՑ-ի տնօրենն ասում է, որ 3.5 մլն դոլարի բարեգործություն են արել, ուզում եմ հականալ՝ դրանք կորուստների՞, թե՞ այլ բանի հաշվին են արել, որ ուզում են հարկատուներից գանձել, թե իսկապես կա՞ն դրա համար լուրջ պատճառներ»,- նշեց Ն. Զոհրաբյանը՝ հավելելով, որ նիստին մասնակցած բոլոր ուժերը գտնում են, որ այս բոլոր հարցերին պետք է տան պատշաճ պարզաբանումներ:
Aysor.am-ի հարցի դիտարկմանը, թե փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական լսումների արդյունքում ևս ոչինչ չի փոխվում, պատգամավորը պատասխանեց. «Եթե այդ ճանապահով գնանք, կարող եմ ասել, որ ԱԺ-ում գործած բոլոր ժամանակավոր հանձնաժողովները ևս ոչ մի արդյունք չեն տվել: Եթե կա մեծամասնություն, ապա որևէ ժամանակավոր հանձնաժողով չի կարողանում որևէ փաստ բացահայտել, իսկ եթե բացահայտվում են, ապա որևէ հետևանք չեն ունենում»,- եզրափակեց խոսքը նա: