ԿԱՅԱՑԱՎ ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ
05/26/2009
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդության հարցերի հանձնաժողովի երրորդ ընդլայնված նիստը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և ԲՀԿ օրհներգների ուղեկցությամբ: Առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը, ով ներկայացրեց հանձնաժողովի ընթացիք գործունեության հաշվետվությունը:
«Կարճ ժամանակահատվածում կուսակցության երիտասարդական թևի կառույցներն էլ ավելի են ուժեղացել, երիտասարդական կառույցների առավել ակտիվ և գործունյա երիտասարդերն այսօր արդեն ներգրավված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակում՝ ունենալով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը»,-ելույթում նշեց Վահե Էնֆիաջյանը:
Ընդլայնված նիստի ընթացքում ներկայացվեցին նաև մարզերի երիտասարդությանը հուզող խնդիրները, նախանշվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: Երիտասարդ կուսակցականները կարևոր են համարում նաև երիտասարդ մասնագետների ակումբների և կարյերայի կենտրոնների ստեղծումը:
Ներկաներին ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Սիրելի երիտասարդներ, հարգելի կուսակից ընկերներ, ի սրտե ողջունում եմ բոլորիդ: Այսօր մեր կուսակցության շարքերը համալրված են բանիմաց ու փորձառու երիտասարդներով, ովքեր բազմիցս հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով: Ես մշտապես աջակցելու եմ երիտասարդական ծրագրերի իրականացմանը: Բազմահազար երիտասարդների վստահությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պարտավորեցնող է բոլորիս համար»,-վստահեցրեց պրն. Ծառուկյանը:
Նիստի ընթացքում միաձայն ընդունվեց նաև ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձաժողովի քաղաքական հայտարարությունը, որով կոչ է արվում բոլոր քաղաքական ուժերին Երևանի ավագանու ընտրություններին պահպանել հանդուրժողականություն քաղաքական մրցակիցների նկատմամբ: