ՀԱՅ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

07/08/2009
Օրերս շուրջ երկու տասնյակ բելառուս գործարարներ այցելեցին Հայաստան: Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում հյուրերին հանդիպեց Գագիկ Ծառուկյանը: Այցի շրջանակներում բելառուս գործարարները ծանոթացան Հայաստանի բիզնես միջավայրին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բելառուսական պատվիրակության անդամները հանդիպեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նույն օրը նախատեսված էր նաև պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը նշեց, որ երկկողմ համագործակցության ծավալները դեռևս բավարար չեն, և բելառուս գործարարների այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի փոխշահավետ կապերի զարգացմանը:

Քննարկվեց նաև Հայաստանում բելառուսական առևտրի տան ստեղծման խնդիրը, որը հնարավորություն կընձեռի բելառուսական ապրանքների ողջ տեսականին ներկայացնելու հայաստանյան շուկայում: Այս խնդիրը նույն օրը կարգավորվեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ: «Ես բելառուս գործարարներին կտրամադրեմ համապատասխան կառույց, որը կգործի որպես հայ-բելառուսական համատեղ առևտրի կենտրոն: Բելառուս գործարարները պատրաստ են համագործակցելու մեզ հետ:  Հայ և բելառուս գործարարների համագործակցությունից կօգտվեն երկու երկրների քաղաքացիները և գործարարները»,-նշեց պրն. Ծառուկյանը:

Այցի վերջին օրը Բելառուսական պետական սննդի արդյունաբերական կոնցեռնի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի միջև ստորագրվեց առևտրային կապերի զարգացման և փոխադարձ ներդրումների ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր: Մի շարք պայմանագրեր ստորագրվեցին նաև տարբեր արտադրական ճյուղեր ներկայացնող ընկերությունների  և «Մուլտի գրուպ» կոնցեռնի ձեռնարկությունների միջև: