ԱՄԱՆՈՐԸ ՏՈՆ Է ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արաբկիրում ձմեռ պապիկներն այցելեցին մի քանի բազմազավակ ընտանիքների: Ավագյանների ընտանիքում 4 անչափահաս երեխա է մեծանում, ովքեր անհամբեր սպասում էին ձմեռ պապի այցելությանը: Այցելություններն ամենուր վերածվում էին իսկական տոնակատարությունների:
Մայրաքաղաքի բազմաթիվ հրապարակներում ու փողոցներում հավաքված երեխաները անակնկալի էին գալիս՝ հանդիպելով նվերներով ծանրաբեռնված և ձմեռ պապիների ու ձյունանուշների ուղեկցությամբ մեքենային:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ իրականացվող ամանորյա այցելությունների աշխարհագրությունը չէր սահմանափակվում բացառապես քաղաքամայր Երևանով: Հանրապետության բոլոր մարզերի փոքրիկներին ևս վերապահված էր զարմանալ ու ուրախանալ ձմեռ պապիկների ու ձյունանուշների անակնկալ այցելություններից: Ձմեռ պապիկներն այցելեցին նաև զոհված ազատամարտիկների երեխաներին:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սաթենիկ» բարեգործական հիմնադրամի «Նարեկ» ծերանոցում տարվա ընթացքում Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ իրականացվող միջոցառումները բազմաթիվ են: Ամանորի կապակցությամբ ծերանոցի խնամյալները այս տարի ևս ստացան անհրաժեշտ նվերներն և տոնական սեղանի շուրջ դիմավորեցին ամանորը:
Իսկ ավելի ուշ ԲՀԿ Սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամները հանդիպել են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ ղեկավարը նախ շնորհավորել է երիտասարդ կուսակցականներին տոների կապակցությամբ, նշել, որ երիտասարդության ձեռքերում է մեր երկրի ապագան, և պետք է անել հնարավորը նրանց ճանապարհը հարթելու համար: Հանդիպման շրջանակներում խրախուսվել են ԲՀԿ նախաձեռնությամբ ողջ հանրապետության տարածքում շուրջ 200 հազար մանուկների նվերներ հանձնած երտասարդները, ովքեր ստանձնել էին ձմեռ պապիկների ու ձյունանուշների պատասխանատու դերը: Լավագույն 10 զույգը որպես պարգևատրում ստացավ հեռուստացույցեր: Երիտասարդ կուսակցականներն էլ իրենց հերթին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին շարունակական աջակցության ու հոգածության համար շնորհակալագիր են հանձնել: