ԱՄԱՆՈՐԸ ՏՈՆ Է ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

12/31/2008
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ այս տարի ևս, ձևավորված ավանդույթի համաձայն, ամանորյա հաճելի անակնկալներ մատուցվեցին մեր հանրապետության երկու հարյուր հազարից ավելի փոքրիկների: Հարյուրավոր Ձմեռ Պապիկներն ու Ձյունանուշիկները դեռ օրեր առաջ էին սկսել նախապատրաստվել տոնական նվերներ բաշխելու գործընթացին:

Արաբկիրում ձմեռ պապիկներն այցելեցին մի քանի բազմազավակ ընտանիքների: Ավագյանների ընտանիքում 4 անչափահաս երեխա է մեծանում, ովքեր անհամբեր սպասում էին ձմեռ պապի այցելությանը: Այցելություններն ամենուր վերածվում էին իսկական տոնակատարությունների:

Մայրաքաղաքի բազմաթիվ հրապարակներում ու փողոցներում հավաքված երեխաները  անակնկալի էին գալիս՝  հանդիպելով   նվերներով ծանրաբեռնված  և ձմեռ պապիների  ու ձյունանուշների  ուղեկցությամբ մեքենային:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախաձեռնությամբ իրականացվող ամանորյա այցելությունների աշխարհագրությունը  չէր  սահմանափակվում  բացառապես  քաղաքամայր  Երևանով: Հանրապետության  բոլոր  մարզերի փոքրիկներին ևս  վերապահված էր զարմանալ  ու ուրախանալ  ձմեռ  պապիկների  ու  ձյունանուշների  անակնկալ  այցելություններից: Ձմեռ պապիկներն այցելեցին նաև զոհված ազատամարտիկների երեխաներին:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սաթենիկ» բարեգործական հիմնադրամի «Նարեկ» ծերանոցում տարվա  ընթացքում Աբովյանի պատվավոր  քաղաքացի Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ իրականացվող   միջոցառումները  բազմաթիվ են: Ամանորի կապակցությամբ   ծերանոցի խնամյալները  այս տարի ևս ստացան  անհրաժեշտ  նվերներն և  տոնական սեղանի շուրջ  դիմավորեցին ամանորը:

Իսկ ավելի ուշ ԲՀԿ Սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամները հանդիպել են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ ղեկավարը նախ շնորհավորել է երիտասարդ կուսակցականներին տոների կապակցությամբ, նշել, որ երիտասարդության ձեռքերում է մեր երկրի ապագան, և պետք է անել հնարավորը նրանց ճանապարհը հարթելու համար: Հանդիպման շրջանակներում խրախուսվել են ԲՀԿ նախաձեռնությամբ ողջ հանրապետության տարածքում շուրջ 200 հազար մանուկների նվերներ հանձնած երտասարդները, ովքեր ստանձնել էին ձմեռ պապիկների ու ձյունանուշների պատասխանատու դերը: Լավագույն 10 զույգը որպես պարգևատրում ստացավ հեռուստացույցեր: Երիտասարդ կուսակցականներն էլ իրենց  հերթին ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանին շարունակական աջակցության ու հոգածության համար շնորհակալագիր են հանձնել: