ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՋԱՆՔԵՐԸ՝ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

02/15/2008
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երրորդ արտահերթ համագումարի պատվիրակները Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին կոչ են անում համախմբել ջանքերը 2007թ. մայիսի 12–ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունը երկրի օրենսդրությանն ու միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով:

Խորհրդարանի գալիք ընտրությունը կարող է  և պետք է դառնա մեր ժողովրդի հասունության, ժամանակակից մարտահրավերներին դիմագրավող Հայաստանի հասարակության և հայկական պետության կենսունակության ապացույց: Անցած տարիների ընտրությունների համեմատությամբ էական առաջընթաց արձանագրելու դեպքում առաջիկա ընտրության արդյունքը հնարավորություն կտա երկրում բարձրացնել ժողովրդավարության մակարդակը, Հայաստանի Հանրապետությունը դարձնել ազատ ու ժողովրդավարական պետությունների համաշխարհային ընտանիքի հարգանք վայելող անդամ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է գործակցել այդ նպատակի համար գործող հասարակական ուժերի ու դիտորդական առաքելությունների հետ, նպաստելով ընտրական այս գործընթացում քաղաքական ու հասարակական կայունության ապահովմանը:

Մենք հավատում ենք, որ գալիք ընտրական գործընթացի դժվարությունները արժանապատվորեն հաղթահարած Հայաստանի քաղաքական համակարգը եւ ամբողջ ժողովուրդը վճռական քայլ կկատարեն ժողովրդավարական, ազատ ու բարգավաճ հայրենիք միասին կերտելու դժվար, բայց վեհ ճանապարհին:

Ընդունել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երրորդ արտահերթ համագումարի պատվիրակները: