ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՋԱՆՔԵՐԸ՝ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Խորհրդարանի գալիք ընտրությունը կարող է և պետք է դառնա մեր ժողովրդի հասունության, ժամանակակից մարտահրավերներին դիմագրավող Հայաստանի հասարակության և հայկական պետության կենսունակության ապացույց: Անցած տարիների ընտրությունների համեմատությամբ էական առաջընթաց արձանագրելու դեպքում առաջիկա ընտրության արդյունքը հնարավորություն կտա երկրում բարձրացնել ժողովրդավարության մակարդակը, Հայաստանի Հանրապետությունը դարձնել ազատ ու ժողովրդավարական պետությունների համաշխարհային ընտանիքի հարգանք վայելող անդամ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է գործակցել այդ նպատակի համար գործող հասարակական ուժերի ու դիտորդական առաքելությունների հետ, նպաստելով ընտրական այս գործընթացում քաղաքական ու հասարակական կայունության ապահովմանը:
Ընդունել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երրորդ արտահերթ համագումարի պատվիրակները: