1000-ԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
11/22/2010
Ողջ հանրապետության տարածքում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող առողջապահական-բարեգործական ակցիան: Այս անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի 14 առաջատար մասնագետներն այցելեցին Տավուշի և Լոռու մարզեր:
Տավուշի մարզում առաջին կանգառը Նոյեմբերյան քաղաքի պոլիկնինիկան էր, որ հյուրընկալեց առաջատար մասնագետներին: Բուժօգնություն ստանալու նպատակով պոլիկնինիկա էին այցելել ոչ միայն քաղաքի, այլև մոտակա գյուղերի բնակիչները: Տեղում տրամադրվում էր բժշկական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև դեղորայք:
Ակցիայի հաջորդ հանգրվանը մարզի սահմանամերձ Բերդ քաղաքն էր: Բերդի տարածաշրջանում մասնագետների պակաս կա, այդ իսկ պատճառով քաղաք են եկել նաև մոտակա գյուղերի բնակիչները: Վիրահատական միջամտության կարիք ունեցող բոլոր բնակիչները ուղեգրվում էին Երևան:
Ակցիան շարունակվեց նաև Տավուշի մարզկենտրոն Իջևանում: Մարզկենտրոնի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում անվճար բուժօգնություն և խորհրդատվություն ստացավ ավելի քան 700 բնակիչ, իսկ Ալավերդի քաղաքում ակցիային մասնակցեց շուրջ 400 քաղաքացի:
Ակցիան շարունակական է, նախատեսվում է ակցիայի շրջանակներում այցելություններ կազմակերպել ՀՀ բոլոր մարզեր: