Քուչակ համայնքի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական նշանակության մայրուղին
Այս պահին Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական նշանակության մայրուղին:
Այստեղ են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Լյովա Խաչատրյանը: Քուչակցիների պահանջը մեկն է ՝ Քուչակից դեպի Եղիպատրուշ (Մռավյան) համայնք գնացող ճանապարհը, որի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, անցնի Քուչակ համայնքի միջով: Մինչդեռ, այժմ այդ ճանապարհները շրջանցում են Քուչակ համայնքը:
Ի դեպ, Եղիպատրուշ՝ նախկին Մռավյան, համայնքի բնակիչները ևս կողմ են, որ կառուցվելիք այս ճանապարհը անցնի Քուչակի միջով:
ԲՀԿ պատգամավորները խոստացան, որ հենց այս պահին խնդիրը կբարձրացնեն Կառավարության առջև և միանում են համայնքի բնակիչների պահանջին, որ ճանապարհը ՝ դեպի Եղիպատրուշ, անցնի Քուչակ համայնքով, որից կօգտվեն թե՛ Քուչակ համայնքի, թե՛ Եղիպատրուշի բնակիչները:
Մինչ այս պահը փակված միջպետական մայրուղին համայնքի բնակիչները բացեցին միայն ԲՀԿ պատգամավորների հորդորով. մեքենաները հետ քաշվեցին, ճանապարհը բացվեց այն ակնկալիքով, որ առաջիկա ժամերին խնդրին կտրվի օպերատիվ լուծում: