Փորձ է արվում մանիպուլյացիաներով տեսանկարահանման խնդիրը օրակարգից հանել. Նաիրա Զոհրաբյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/606238/
Համապետական ընտրությունների ժամանակ նախատեսվող ուղիղ հեռարձակման համար տեսախցիկների գնման հարցում դժվարությունը ոչ թե տեխնիկական էր, այլ ֆինանսական: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց.« Եթե հիշում եք` ես հարց ուղղեցի Դավիթ Հարությունյանին Ազգային Ժողովում՝ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ: Ասեցի, որ որոշ դոնոր կազմակերպություններ ունեն մտավախություն, որ կառավարությունն իր մասնաբաժինն այս ամբողջ ծրագրի իրականացման համար չի պատրաստվում ներդնել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ, չկա նման բան, Հայաստանի կառավարությունը որոշում ունի և իր մասնաբաժնում մասնակցելու է նշյալ ծրագրի իրականացմանը»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ երկու կողմերը վստահեցնում են, որ այն գումարը, որ խոստացել են իրենք, իրենք էլ իրենց մասնաբաժինն անպայմանորեն ներդնելու են: «Հիմա եթե կառավարությունը ասում է, որ այն գումարը, որը պետք է ներդներ կառավարությունը` ներդնելու է: Դոնորները պնդում են, որ ներդնելու են: Այս դեպքում ուզում եմ հարց տալ որտե՞ղ է ֆինանսական խնդիրը»: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ այստեղ խնդիրը ոչ թե ֆինանսական է, այլ այն է, որ տեսանկարահանումը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել իշխանության համար և հիմա փորձ է արվում տարբեր մանիպուլյացիաներով տեսանկարահանման խնդիրը օրակարգից հանել: «Պատահական չէ, որ մենք նախօրեին հինգ քաղաքական ուժերով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տնօրենին ուղղեցինք նամակ` մեր նկատառումներով առ այն, որ Եվրամիության կողմից տրամադրված գումարը այս մասով պետք է տրամադրվի ՄԱԿ-ի զարգացման գործակալությանը, որպեսզի իրենք ապահովվեն տեսանկարահանման գործընթացը, որպեսզի դա չմնա ոչ կառավարության, և ոչ էլ մասնավոր կազմակերպության վրա` հետագա շահարկումներից խուսափելու համար»,-ասաց ԲՀԿ ղեկավարը: Նաիրա Զոհրաբյանը հավելեց` «Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ իշխանությունը տեսավ, որ գործի դնելով բոլոր հնարավոր գործիքները, չկարողացավ ո´չ Գյումրիում, ո´չ Վանաձորում հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, որը վստահություն կներշնչեր իշխանությանը, որ նման տոկոսների դեպքում ինքը կարող է խորհրդարանական ընտրություններում ունենալ իր ակնկալած քվեն, և տեսանկարահանումը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու տեղամասերում իշխանության կուսակցության համար:»,- եզրափակեց նա: