ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարի ՀՀԿ-ական թեկնածուների

08/31/2016

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ասաց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում 86 համայնքում ԲՀԿ-ն ունեցել է առաջադրումներ, որոշ համայնքներում էլ սատարում են անկուսակցական թեկնածուների: Այսօր «Մեդիա կենտրոնում» պարոն Էնֆիաջյանն ասաց, որ այս ՏԻՄ ընտրություններն իր համար առանձնահատուկ են. «Առաջին անգամ սահմանադրական փոփոխություններից հետո ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու, իսկ Հայաստանի՝ մեծությամբ թվով երկրորդ ու երրորդ քաղաքներում նաեւ կանցկացվեն ավագանու ընտրություններ»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանն էլ ասաց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին երեք գյուղական եւ երեք քաղաքային համայնքում են ներկայացված, 47 թեկնածու են առաջադրել: ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի խոսքով էլ, ՀՀԿ-ի համար ՏԻՄ ընտրությունները հերթական ընտրություններն են, որովհետև բոլոր ընտրություններին էլ ակտիվ մասնակցություն են ունեցել: Ըստ նրա, որոշ համայնքներում ներկայացրել են իրենց թեկնածուներին, որոշ համայնքներում էլ հանդես են եկել Դաշինքով: Ինչ վերաբերում է կանանց ներգրավվածությանը, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այս ընտրություններում էլ նրանց ներգրավվածությունը մեծ տոկոս չի կազմում. «Պետք է արձանագրենք, որ առաջիկա ընտրություններում նույնպես մեծ առաջընթաց չկա»: Իսկ պարոն Էնֆիաջյանն ասաց, որ այդ հարցում ԲՀԿ-ն համարձակ քայլի է գնացել. «Սահմանադրական փոփոխություններից հետո նոր Ընտրական օրենսգրքով Գյումրիում ու Վանաձորում ավագանու ընտրություններ են լինելու… Վանաձորի մեր թեկնածուն կին է»: Նա նաեւ հավելեց, որ ունեն կուսակցական որոշում՝ ՏԻՄ ընտրություններում չսատարել ՀՀԿ-ական թեկնածուներին: Անդրադառնալով կանանց ու երիտասարդների ներգրավված չլինելու խնդրին՝ Լենա Նազարյանը ներկայացրեց իր վիճակագրությունը, որի համաձայն ՏԻՄ համակարգում համայնքի ղեկավարների 70 %-ը 50-60 տարեկան տղամարդիկ են: «Սա լուրջ մտահոգություն է, մանավանդ նրանց մեջ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ վերընտրվում են: Շատ դեպքերում համայնքը նախընտրում է, որ համայնքի ղեկավարությունն իրականացվի տղամարդու կողմից, հենց երիտասարդները տեղում պետք է պատասխանատվություն ստանձնեն ու թույլ չտան, որ իրենց ծնողներն իրենց թերագնահատեն: Մենք լուրջ աշխատանքներ ենք կատարում, որ համակարգում ներգրավենք կանանց ու երիտասարդներին: Այդ առումով մեր ցուցակը տարբերվում է»: 

 http://www.aravot.am/2016/08/31/730550/