Տարբեր օլիգարխ նախարարներ Լաս Վեգասում վիլաներ ունեն, որոնք ձեռք են բերել երկրի բյուջեի հաշվին. Ն. Զոհրաբյան
ԱԺ-ում 2017 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, նշեց, թե հասկանալի է, որ նա չէ տնտեսության այս վիճակի պատասխանատուն:
«Մեր տնտեսությունը երեկ ժամը 10:00-ին չէ, որ հայտնվել է այս վիճակում, մեր տնտեսությունն այս վիճակում էր, երբ առաջնային հռչակվեցին բիոզուգարանները»,- ասաց նա և նշեց, թե տարբեր օլիգարխ նախարարներ, պարզվում է, որ Լաս Վեգասում մի քանի միլիոն դոլար արժողությամբ վիլաներ ունեն, և դրանք ձեռք են բերել երկրի բյուջեի հաշվին:
«Այդ հարստացած նախարարներից որևէ մեկն էլ Ռոքֆելլերի թոռը չի եղել, գանձ չի գտել, երկրի ռեսուրսների հաշվին է եղել նրանց հարստացումը ... Չե՞ք կարծում, որ բացի նախարարության դիզայնը փոխելուց այլ քայլեր պետք է անել»,- հարցրեց պատգամավորը:
Ապա Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, թե երբ որևէ մեկը փորձում է կամ փորձել է ներդրում անել Հայաստանում, պատկան մարմինները հարցրել են՝ բա մենք ի՞նչ ենք ունենալու այս ներդրումից:
«Չե՞ք կարծում, որ քանի դեռ չի գործում պատասխանատվության մեխանիզմ, ամեն ինչ լինելու է առ ոչինչ, այդքան դժվա՞ր է իմանալ, թե ովքեր են ստվերում»,- հետաքրքրվեց նա և առաջարկեց, եթե չգիտեն ստվերում աշխատողներին, իրենք կարող են ցույց տալ:
Նախարար Սուրեն Կարայանը որպես պատասխան ասաց հետևյալը. «Ես հստակ և միարժեք ուզում եմ այս ամբիոնից հայտարարել, որ եթե կլինի մի դեպք, որ մի ներդրող կգա Հայաստան կամ գործում է Հայաստանում, եթե նրա առջև կդրվի պայման, մենք լիարժեք պատրաստ ենք լուծել, որ նման խնդիր չլինի: Այդպիսի բան բացառվում է, ՀՀ-ում ցանկացած ներդրողի մենք միայն ու միայն օժանդակելու ենք»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե տեսականորեն պատասխանը բավարար է, իսկ գործնականորեն, ըստ նրա՝ դեռ կերևա:
http://www.tert.am/am/news/2016/11/07/naira-zohrabyan/2185368