Տարածքային կառույցները համակարգելու է ԲՀԿ նախագահը

03/17/2016

Պարզաբանում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը
– Պարոն Էնֆիաջյան, այսօր մամուլում տեղեկություն կար, որ ԲՀԿ տարածքային կառույցների համակարգող Աբրահամ Մանուկյանը հեռացվել է այդ պաշտոնից եւ այսուհետ համակարգելու է միայն Շենգավիթի եւ Նորք-Սարաշի ԲՀԿ տարածքային կառույցները։ Կա՞ նման բան։

– Մամուլը, ինչպես միշտ, ամեն ինչ ներկայացանում է ծայրահեղ գույներով։ Աբրահամ Մանուկյանը ոչ մի տեղից չի հեռացվել։ Պարզապես երեկ, խմբակցության նիստի ժամանակ, տիկին Զոհրաբյանը խմբակցությանը տեղեկացրեց, որ հանդիպել եւ զրուցել է Աբրահամ Մանուկյանի հետ եւ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, որ պարոն Մանուկյանն այլեւս չի համակարգի ԲՀԿ տարածքային որոշ կառույցների գործունեությունը, այլ կզբաղվի բացառապես Շենգավիթի եւ Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։ Դա եղել է նաեւ Աբրահամ Մանուկյանի ցանկությունն, ու մամուլի իմ հարգարժան գործընկերներին խորհուրդ եմ տալիս ինչ-որ տեղից ինչ-որ բան լսելու դեպքում փորձել այն ճշտել կուսակցության մամուլի խոսնակից, կամ ԲՀԿ պատասխանատուներից որեւէ մեկից։ Վստահաբար, մենք շատ ավելի ճշգրիտ տեղեկություն կտրամադրենք։ 

– Իսկ ո՞վ է այսուհետ զբաղվելու տարածքային կառույցների աշխատանքների համակարգմամբ։

– Տարածքային կառույցների աշխատանքների ընդհանուր համակարգմամբ զբաղվելու է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ 

Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ 

www.aravot.am