Վ. Բաբայան. ՀԱԿ-ն անպտուղ բանավեճի մեջ է մտել
ՀԱԿ-ն անպտուղ բանավեճի մեջ է մտել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ, համանուն խմբակցության անդամ Վահան Բաբայանը` անդրադառնալով այսօրվա հրապարակմանը, թե ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն դարձել են ոխերիմ թշնամիներ, և միմյանց հանդեպ լրատվական պատերազմ են սկսել։
«Նախ, ԲՀԿ-ն որևէ քաղաքական ուժի երբեք թշնամի չի հռչակում, և մենք պայքարում ենք ոչ թե քաղաքական ուժերի, այլ՝ երկիրը քայքայող համակարգային բացասական երևույթների դեմ։ Բայցև մշտապես ասել ենք, որ մեզ համար բացարձակ անընդունելի է՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով առաջնորդվելը, ինչը անում են որոշ քաղաքական ուժեր՝ պիտակավորելով բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են սպասարկել տվյալ քաղաքական ուժի շահերը և իրենց ռեսուրսները ծառայեցնել այդ քաղաքական ուժի օրակարգին»,- նշեց պատգամավորը։
Վ. Բաբայանի խոսքով՝ իրենք քանիցս ասել են, որ նման գործելաոճը կործանարար է քաղաքական ուժի համար, և այսօր բոլորս պետք է հասկանանք, որ երկիրն այնպիսի վիճակում է, որ մենք ոչ թե պետք է անընդհատ մեր ներսում թշնամիներ փնտրենք և ով քո տեսակետը չի կիսում, կամ պայքարի իր տեսլականն ունի՝ նրանց դավաճան հռչակենք, այլ միասին մտածենք երկրի առջև ծառացած իրապես լրջագույն համակարգային խնդիրները լուծելու համար:
«Ինչ վերաբերում է ձեր նշած մամուլային փոխհրաձգությանը, ապա մեկ բան կարող եմ ասել՝ ձեր ակնարկած լրատվական կայքերը այնքան հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ունեն ՀԱԿ-ի խոհանոցից և արած քայլերից, որ ես ՀԱԿ-ին ուղղակի կհորդորեի չմտնել անպտուղ բանավեճի մեջ»,- հավելեց ԲՀԿ-ական գործիչը: