Վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը. Ն.Զոհրաբյան
«Իհարկե, կողմ կքվեարկենք «Հայաստանի Ընտրական օրենսգրքում ու մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, բայց հայտարարում եմ, որ բացարձակ վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ երկար տարիներ ընդդիմության պահանջն է եղել՝ քվեարկած ընտրացուցակները հրապարակել, ինչն ի վերջո հնարավոր է դարձել, սակայն այն շատ աննշան վստահության էլեմենտ է ավելացնելու ընտրական գործընթացների հանդեպ, ընդամենը լինելու է մի փոքր գործիք:
«Տեսանք, թե ինչպես նոր Սահմանադրությունն այլանդակվեց Գյումրիում և Վանաձորում, երբ, ըստ էության, Վանաձորում հաղթել էր ընդդիմությունը, ինչ-ինչ պատճառներով թույլ չտվեցին ամրագրել հաղթանակը»,- հավելեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ չի կարող հայտարարել, որ այդ ցուցակների հրապարակմամբ 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են ազատ, արդար:
«Նման անպատասխանատու հայտարարություն չեմ անի, որովհետև ինքս չեմ հավատում, որ անգամ ոսկերչական մակարդակի հասցված օրենքը հնարավորություն է տալու լուծել բոլոր խնդիրները, եթե չկա ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք:
Առայժմ նման կամք չեմ տեսնում, առաջիկա երեք ամսում կծագի նման կամք, թե ոչ, անկեղծ ասած, այդ հարցում ևս լավատես չեմ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում մի շարք հարցերի հետ միասին ընդգրկված է նաև Հայաստանի Ընտրական օրենսգրքում ու մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
http://www.panorama.am/am/news/2016/10/17/%D4%B6%D5%B8%D5%B0%D6%80%D5%A1...