ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՄԱՍԻՆ ԱՌԱՅԺՄ ՎԱՂ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ»

04/03/2009
Ապրիլի 3-ին հրավիրած ասուլիսում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը ներկայացրեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև մեկնաբանեց վերջերս Երևանի ավագանու ընտրությունների մասին մամուլում հայտնված հրապարակումները:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ այժմ ՀՀ կառավարությունը վերաբաշխումների անվան տակ ապակողմնորոշիչ քայլ է կատարում և խուսափում է դա որակել որպես պետբյուջեի ծախսերի կրճատում՝ սեկվեստր: Ի պատասխան Հայաստանի ՀՆԱ-ի 3 տոկոս աճի վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումներին Վարդան Բոստանջյանը նշել է, որ առայժմ վաղ է կանխատեսումներ կատարել:


«Արդյո՞ք այս ընտրությունները նույնպես կանցնեն լարված պայքարում» հարցին պրն Բոստանջյանը պատասխանեց, որ բոլոր ուժերը, որոնք մասնակցում են Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, լուրջ են տրամադրված: Մասնավորապես՝ այն հանգամանքը, որ կոալիցիան առանձին է ներկայանում ավագանու ընտրություններին, արդեն նշանակում է, որ ամեն մեկն առանձին է ստանձնում ամբողջ այդ գործընթացի վերահսկողությունը: Իսկ վերահսկելի մեխանիզմները բավական շատ են, մինչև անգամ այնպիսի ուժերի համար, որոնք հակված կլինեն ոչ ընդունելի ճանապարհներով իրենց թեկնածուների համար ավելի շատ ձայն ապահովել:

«Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին» և կուսակցության ցուցակին, այո, այստեղ հոգատար վերաբերմունք է ցուցաբերված, և ընտրված է այն անձը, ով իրեն դրսևորել է բոլոր կողմերով՝ ստեղծելու, պահպանելու, խնայելու և հասարակությանը և մարդկանց օգնելու առումով: Այդ մարդը Հարություն Քուշկյանն է»,-հավելեց պրն Բոստանջյանը: