Վահե Էնֆիաջյանը կոչ է անում շանտաժ չանել եւ «տարբեր գյադաների» մեյդան չգցել

08/26/2015

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խոստանում է փակագծեր բացել: -Պարոն Էնֆիաջյան, երեկ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումը հնարավորություն տվե՞ց վերջնականապես ճշգրտելու ԲՀԿ դիրքորոշումը: -Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումը, այո, տվեց մեզ հուզող որոշ հարցերի պատասխանները, եւ արդեն խորհրդարանում, բովանդակային քննարկումների ժամանակ, երբ մենք կունենանք վերջնական տեքստը, կուսակցության եւ խմբակցության դիրքորոշումը պաշտոնապես կներկայացնենք: -Սակայն, արդեն կարծես թե հայտարարել եք, որ «ՈՉ»-ի քարոզարշավին չեք միանալու, ինչը առանձնապես դուր չի եկել «ՈՉ»-ի ձեր որոշ գործընկերների: -Այո, մենք հայտարարել ենք, որ «ՈՉ»-ի քարոզարշավին չենք միանալու եւ բովանդակային քննարկումների ժամանակ մեր դիրքորոշումը հստակ կհիմնավորենք: Նորից եմ ուզում կրկնել. որեւէ քաղաքական ուժ, որեւէ գործիչ փորձ անգամ թող չանի իր սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելու համար շանտաժի ենթարկել ԲՀԿ-ին: Եթե ոմանց թվում է, որ շանտաժով, իրենց կիսատ-պռատ քարոզչական ռեսուրսներով կարող են մեզ վարկաբեկելու փորձեր անել, կարող են ինչ-որ ջահելների «քսի» տալ մեր վրա, ապա խորապես սխալվում են: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի հստակ գիտակցի, որ անիմաստ է փորձել այլ քաղաքական ուժի ռեսուրսի հաշվին սեփական օրակարգը առաջ մղել: Մեր դեպքում դա հաստատ չի գործելու: Ուստի, կրկին մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում հարգել մեր անցած միասնական ճանապարհը, հարգել բոլոր այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, որը տարբերվում է իրենց դիրքորոշումից եւ փորձ չանել այլոց սեւացնելու ճանապարհով բոնուսներ հավաքել: Եթե կլինի որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ, որը կընտրի այդ ճանապարհը, ապա մենք ընդունում ենք ցանկացած մարտահրավեր ու խոստանում եմ, որ շատ փակագծեր են բացվելու: Ի վերջո, եթե ԲՀԿ-ն գոյություն չունի, ինչպես որոշ մեր գործընկերներ են փորձում նման զվարճալի հայտարարություններ անել, ապա հարց եմ տալիս` ինչո՞ւ եք այդ «գոյություն չունեցող» ուժի մոտ տարբեր մունետիկներ ուղարկում, հորդորում, խնդրում, համոզում, որ միանանք «ՈՉ»-ի քարոզարշավին, ասում, որ առանց ԲՀԿ-ի տարածքային կառույցների, շտաբների, մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների դժվար է լինելու «ՈՉ»-ի շարժումը առաջ տանել: Ընդունեք`խիստ անտրամաբանական եւ անհասկանալի մոտեցում է: Ինչեւէ, մենք հարգում ենք մեր բոլոր այն գործընկերների դիրքորոշումը, որը տարբեր է մեր դիրքորոշումից եւ քաղաքական դաշտի բոլոր հիմնական խաղացողներին կոչ ենք անում կոռեկտության եւ միմյանց տեսակետը հարգելու: Վստահեցնում եմ. հատկապես ԲՀԿ-ի դեպքում շանտաժն ու տարբեր գյադաների մեյդան գցելը հաստատ չի աշխատելու: -Այդուհանդերձ, բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն հրաժարվեց իր արմատական դիրքորոշումից, երբ նախկինում պնդում էր, որ առաջարկվող փոփոխությունները իշխանության վերարտադրություն են ապահովելու: -Նախ, մենք նախագծի պետ կապված դեռ բազմաթիվ մտահոգություններ ունենք, եւ կրկնում եմ. բովանդակային քննարկումների ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Իսկ հիմա ընդամենը կարճ մի դիտարկում անեմ. 2005-ին փոփոխված սահմանադրությամբ նույն Հանրապետական կուսակցությանն այդ ի՞նչը կամ ո՞վ խանգարեց թե 2007-ին, եւ թե 2012-ին փայլուն կերպով վերարտադրվելու: Ուստի, այդ ամենի մասին արդեն խորհրդարանում` քննարկումների ժամանակ: Եվ մեկ էլ մի բարեկամական խորհուրդ տարբեր գագիկ համբարյաններին, լեւոն շիրինյաններին ու նրանց հավասարվեցված, իբր, «քաղաքագետների». ձեզ կերակրողներին փոխանցեք, որ ԲՀԿ-ի դռները քիչ մաշեն տարբեր խնդրանքներով: 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից