Վահան Բաբայանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է ԼՂՀ-ն Բոլոնյան կրթական համակարգին ինտեգրելու հարցը

06/25/2015

Չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է Եվրոպական կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի խնդրին:

Նա մասնավորապես, նշել է.

«Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960 դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական որլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան՝ կուզենայի Ձեր ուշադրությունը սեւեռել ԼՂՀ բնակիչների՝ միջազգային կրթություն ստանալու անհնարինության հարցին, որը լրջագույն խոչընդոտ է տվյալ չճանաչված պետության բնակչության համար, ինչպես նաեւ խտրականություն է նրանց հանդեպ: ԼՂՀ իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները բնակչության կրթական իրավունքի իրացման համար, սակայն ԼՂՀ տարածքից դուրս այդ մարդիկ հանդիպում են անլուծելի խնդիրների եւ խոչընդոտների:

Նշեմ, որ ԼՂՀ-ում 143.000 բնակչության առկայությամբ գործում են 219 դպրոց, 5 բարձրագույն ուսումնայական հաստատություն: Ամփոփելով խոսքս նշեմ, որ ԼՂՀ ուսանողները դուրս են մնում Եվրոպական կրթական բարձրագույն համակարգից եւ չեն օգտվում Բոլոնյան գործընթացով երաշխավորված ծրագրերից:

UNESCO-ի կոնվենցիայի համաձայն մարդու կրթական իրավունքը UNESCO-ի հիմնարար դրույթներից է, եւ ես ակնկալում եմ ԵԽԽՎ-ի աջակցությունն այս հարցում: Անդրադառնալով չճանաչված պետություններում ապրող մարդկանց կրթական իրավունքին՝ առաջարկում եմ վեհաժողովում ստեղծել աշխատանքային խումբ այս հարցով»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am