Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա տնտեսության քարշակը. Մելքումյան

06/09/2016

 

Ռազմարդյունաբերական համալիրն այսօր պետք է դառնա տնտեսության քարշակը: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«2009թ.-ից հետո ամենատխուր ցուցանիշներն ունենք. 26,5 տոկոսով ներկրումն է կրճատվել, 4 տոկոսով՝ արտահանումը, 500 մլն դոլարով՝ տրանսֆերները: Այս ամենի արդյունքում ասում ենք, որ բյուջեն ծախսել ենք, բայց ի՞նչ է փոխվել. բյուջեն կատարել ենք, բոլոր ցուցանիշները վատացել են: Երկնիշ տնտեսական աճ ունեցող գյուղատնտեսությունը չդարձավ տնտեսության քարշակ, ինչպես շինարարությունն արեց տարիներ առաջ: Այսօր պետք է ռազմարդյունաբերական համալիրը դառնա տնտեսության քարշակը»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ այսօր խնդիրը ոչ թե կոնկրետ ոլորտում է, այլ սա քաղաքական խնդիր է, ավելին, ծառայողական մեքենաների կրճատումն ու փոխնախարարի ազատումը լուծում չի տալիս. «Ես մի քանի տարբերակ ունեմ այս վիճակից դուրս գալու համար. հանել տույժերը, ռազմարդյունաբերական համալիրը դարձնել տնտեսական քարշակը, ներդրումային պայմաններ ստեղծել»: