Պետք է ռեալ գնահատել իրավիճակը. ԲՀԿ խոսնակը՝ Ուրիխանյանի առաջարկի մասին
Նման հայտարարություններ անելուց բացի՝ պետք է ռեալ գնահատել իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով նախկին կուսակից գործընկեր Տիգրան Ուրիխանյանի առաջարկությանը՝ շարունակել ոչ իշխանական քաղաքական ուժերի՝ աշնանը ստեղծած միասնական օրակարգը: Վահան Բաբայանն ասաց, որ քաղաքական դաշտում էմոցիաներով առաջնորդվելը մի բան է, պրագմատիկ լինելը՝ մեկ այլ բան:
Նա նշեց, որ «Ալյանսի» հիմնադիր համագումարին մասնակցելու համար հրավիրված էր ԲՀԿ առաջնորդը, սակայն ինքն է մասնակցել համագումարին եւ լիազորված էր կուսակցության անունից ներկայանալ: «Այսօր նաեւ Էդմոն Մարուքյանն է հայտարարել՝ ձեւավորելու քաղաքական կազմակերպություն: Պետք է ողջունել մեր երիտասարդ քաղաքական գործիչներին, որ ջանքեր են գործադրում եւ փորձում են քաղաքական դաշտում գործողություններ անել»,-ասաց ԲՀԿ խոսնակը:
Կհաջողվի Ուրիխանյանին միավորվել ոչ իշխանական ուժերին, թե ոչ, Վահան Բաբայանը չցանկացավ կանխատեսում անել՝ հավելելով, որ կապրեն, կտեսնեն: Հարցին, թե ԲՀԿ-ն կմասնակցի Ուրիխանյանի նախաձեռնությանը, Վահան Բաբայանը նշեց հետեւյալը. «Մենք շարժվում ենք բացառապես ԲՀԿ քաղաքական թիմի օրակարգով, ԲՀԿ քաղաքական թիմն է որոշում կայացնում՝ ինչպիսի մարտավարական քայլեր ձեռնարկել. ոչ թե առաջնորդվում այլ կամ այս կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններով»,-ասաց ԲՀԿ խոսնակը: