Պետք է համախմբված ասենք այո. Վահան Բաբայանը համոզված է, որ ժողովուրդը կողմ է փոփոխություններին

12/01/2015

Այն մարդիկ, ովքեր Հայաստանում ուզում են փոփոխություններ, սահմանադրական նոր նախագծին պետք է ասեն «այո»: Այսօր «Սահմանադրական փոփոխություններ. դեմ և կողմ» թեմայով հրավիրված քննակմանն այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության խոսնակ Վահան Բաբայանը:

Նրա խոսքով՝ այս նախագծին պետք է ասենք «այո» նախևառաջ իշխանության գերկենտրոնացվածության համակարգից ազատվելու համար, որպեսզի իշխանության երեք ճյուղերը լինեն հավասարակշռված, ինչը չի եղել նախկին Սահմանադրությունների օրոք.

«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կձևավորվի նաև իրական անկախ դատական համակարգ»:

Վ. Բաբայանի կարծիքով՝ սահմանադրական նոր նախագծով կմեծանա նաև ընդդիմության լծակները: «Ընդդիմությունը 25 տարվա ընթացքում չի ունեցել լուրջ դերակատարում, չի կարողացել  վերահսկիչ լիազորություններ ունենալ, պետական կառավարման համակարգում ավելի լուրջ մասնակցություն ունենալ, իսկ այս փոփոխություններով ընդդիմությունը կունենա այդ հնարավորությունը»,- ընդգծեց նա:

Վ. Բաբայանը գտնում է նաև, որ Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել: Նրա համոզմամբ՝ ուժեղ ընդդիմություն լինում է այն ժամանակ, երբ ընդդիմությունն օրենքով սահմանված լիազորություններ է ունենում: «Իշխանությունն այս տարիների ընթացքում չի տվել այդ հնարավորությունն ընդդիմությանը: Եթե ընդդիմությունը չի ունենում  լիազորություններ, լծակներ, գնում է փողոց ու փողոցից է փորձում գնալ փոփոխությունների, որը 25 տարի մեր երկրում չի հաջողվել»,- նկատեց նա:

Վահան Բաբայանը կարծում է նաև, որ հանրապետությունում շատերն են այսօր այդ փոփոխություններին կողմ: Նրա խոսքով՝ մարդիկ այդ փոփոխություններին գնում են ընդառաջ իրենց կամքով:

«Շատ-շատ տեղերում մարդիկ սահմանադրական բարեփոխումներին ցանկանալով են «այո» ասելու, ոչ թե այլ բաներից ելնելով: Այսօր այս թեման շահարկման թռիթ է դառնում, բայց ես վստահ եմ, որ մարդիկ այդ փոփոխություններն ուզում են: Այնպես որ, եկեք համախմբված ասենք «այո», և հասկանանք, որ մեր ձեռքերում է մեր երկրի ապագան»,- եզրափակեց նա:

www.aysor.am