Պետք է ընտրական սողանցքներն առավել անխոցելի դարձնենք. Նաիրա Զոհրաբյան

03/30/2016

Մենք պատրաստ ենք ցանկացած ֆորմատով ցանկացած քննարկման մասնակցել: Այս մասին այսօր «4+4+4» ձևաչափի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: 

Նա տեղեկացրեց նաև, որ ԲՀԿ երիտասարդական կազմակերպությունը ևս առաջիկայում նախատեսել էլ արտախորհրդարանակն քաղաքական ու հասարակական ուժերի հետ քննարկումներ՝ ԸՕ վերաբերյալ, և հավելեց, որ ներկայացվող փաստաթուղթը կարևոր  է և հետաքրքրում է բոլորին, այդ թվում՝ երիտասրդներին: 

Պատգամավորն ընդգծեց նաև, որ ԸՕ վերաբերյալ ԲՀԿ-ի առաջարկները շատ ավելին են, քան քննարկվող 5-ը:

«Մեր առաջարկների մեծ մասը համընկնում է մեր մյուս գործընկերների կողմից ներկայացված առաջարկներին, բայց մենք ունենք նաև այլ առաջարկներ: Մեր առաջարկությունները մենք ներկայացնում ենք մեր օրակարագով՝ մեր առաջարկությունների փաթեթով»,- ասաց նա:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ  նշեց, որ իրենք ներկայացրել են մի քանի տասնյակ առաջարկներ, բայց դրանցից մի քանիսն առանձնացվել ու ներկայացվել են այս ձևաչափում քննարկվող մյուս առաջարկների հետ միասին: «Մեզ համար սկզբունքային է հատկապես արդյունքների ամփոփման վերաբերյալ առաջարկը: Մենք առաջարկում ենք, որպեսզի ընտրական այդ արդյունքներն ամփոփվեն ոչ թե ԿԸՀ-ում, այլ տարածքային կենտրոնական ընտրական հանձնաժողովում»,- ասաց պատգամավորը՝ նշելով նաև, որ մնացյալ առաջարկների հետ կապված իրենց համար նախընտրելի է հին մոտեցումը: «Մնացած բոլոր առաջարկները, որոնք ներկայացվել են այս ձևաչափում, մենք պաշտպանում ենք այդ առաջարկները»,- հավելեց նա: 

Ինչ վերաբերում է քննարկմանն, ապա Հ. Մարգարյանն առաջարկեց նախ տարանջատել՝ այս ֆորմատով քննարկումը բանակցային գործընթա՞ց է, թե զուտ քննարկում: Նա առաջարկեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները ԸՕ վերաբերյալ ներկայացնեն լուծման մեխանիզմներ և իշխանությունները ներկայացնեն իրենց լուծումները, որպեսզի իսկապես ձևավորվի կոնսենսուս:

Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ պետք է քննարկել ներկայացված փաստաթուղթը և ընտրական սողանցքները, որոնք նկատելի են ներկայացված փաստաթղթում: «Պետք է դրանք առավել անխոցելի դարձնենք»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգով պետք է աշխատել, որից հետո միայն խոսել առաջարկների մասին:  

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ համամիտ չէ ներկայացված ընթացակարգի հետ, քանի որ չի կարծում, թե ներկայացված բոլոր պահանջները քննարկելու դեպքում 7-րդ նիստն համարվի որպես ավարտական նիստ: «Եթե մենք այսօր միայն ընթցակարգ քննարկենք, մի երկու նիստ էլ կտևի, որ ընթացակարգ հաստատենք: Մենք պետք է հաշվի առնենք այն, որ նոր ԸՕ պետք է գործի հունիսի 1-ից: Սահմանված ժամկետները չեն տեղավորվում ձեր ներկայացված ընթացակարգի մեջ: Ներկայացված ընթացակարգով եթե շարժվենք, ամեն ինչ կխաթարվի»,- ասաց նա: 

www.aysor.am