Պետական խորհրդանիշների կարևորության մասին միայն խոսելը բավարար չէ. Վահե Էնֆիաջյան
Պետական խորհրդանիշների կարևորության մասին միայն խոսելը բավարար չէ:
Ըստ իս, այն արժևորում է մեր պետության գաղափարական հենքը, կրում իր մեջ այն ավանդույթները, որոնք մեզ են փոխանցվել տարիների ընթացքում:
Մեր եռագույնը, զինանշանը շատ ավելին են, քան պատմական ակնարկներ, որոնք խորհրդանշում են հազարամյակներ առաջ մեր արքունիքների մասին, որոնք իրենց ակունքներով թվում է, թե հեռանում են դեպի անվերջություն:
Մեր երկրում բազում խնդիրներ են առկա, որոնք տարածվում են գրեթե բոլոր համակարգերում և անմիջական ազդեցություն ունենում մեր երկրի քաղաքացու վրա:
Հայաստանի նորանկախ Հանրապետությունը մեզ չի տրվել որպես նվեր, այն նվաճվել է սերունդների պայքարի արդյունքում:
Պայքար, որն իր մեջ ունի պատմություն, ունի խորհուրդ, ունի արժեհամակարգ, որը մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել սերունդներին:
Կարևոր նվաճումներից է խոսքի և մտքի ազատության այն շեմը, որին մենք հասել ենք, բայց շարունակաբար պարտավոր ենք պայքարել նրա ընդլայնման համար:
Պայքարել յուրաքանչյուրս մեր տեղում, կատարելով մեր գործն ու հասնել այն նպատակին, որը դրել ենք մեր առջև:
Ինքս երբեք կաշկանդված չեմ եղել ազատ կամարտահայտության ժամանակ, երբեք չեմ խուսափել բարձրաձայնել ճշմարտությունը, անգամ, եթե դա ոչ բոլորի սրտով է եղել:
Հիմնավորումս միշտ նույնն է ՝ վարվում եմ այնպես, ինչի պահանջն ունեցել է ժողովուրդը, իսկ վերջինս միշտ ավելի հեռատես ու ճիշտ է լինում:
Դրանք սկզբունքներ են, որոնցով պարտավոր է առաջ ընթանալ ամեն ոք, իսկ քաղաքական գործիչը ` առավել ևս:
Ես պատասխանատու եմ այն անձանց համար, ում շահերը ներկայացնում եմ, պատասխանատու եմ նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ և ակնկալում են, որ ես՝ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ իմ լիազորությունների սահմաններում կբարձրացնեմ և հետամուտ կլինեմ դրանց իրականացման գործում:
Հպարտ եմ, որ այդ ճանապարհին զգում եմ ժողովրդի ներկայությունն իմ թիկունքին, ժողովուրդն է, որ ուժ է տալիս և համոզվածություն, որ ընտրված ուղին ճիշտ է և այդ ուղուց չեմ պատրաստվում շեղվել:
Այս օրը խորհրդանշում է նաև պետականամետ մտածելակերպը, որով պետք է առաջնորդվեն բոլորը: