Պաշտոնանկությունները զսպում են հաջորդողին, բայց դրանց պետք է հետևի պատասխանատվությունը. Նաիրա Զոհրաբյան

08/09/2016

Հուլիսյան դեպքերից հետո ակնհայտ էր, որ պաշտոնանկություններ լինելու են, դրանք նաև զսպող դեր ունեն հաջորդիվ արվող քայլերի համար, սակայն պաշտոնանկություններին պետք է հետևի նաև պատասխանատվությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցող պաշտոնանկություններին:

«Այն, որ պաշտոնանկություններ պետք է լինեին, դա միանշանակ է, բայց ես կարծում եմ, որ հանրությունը պիտի տեղյակ լինի, թե ինչում են թերացել այդ մարդիկ: Նույն գլխավոր դատախազի հետ կապված բոլոր հնարավոր տարբերակները քննարկվեցին: Խնդիրը պաշտոնանկությունների մեջ չէ միայն. երկրում առաջին հերթին պետք է արվեն լրջագույն համակարգային փոփոխություններ, որովհետև x-ին հանելով և y-ին նշանակելով, էական փոփոխություններ չեն լինի, եթե համակարգը մնում է նույնը և եթե երկրում օրենքից վեր մարդիկ կան»,-ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` պաշտոնյաների պաշտոնանկությունները թերացումներից հետո կարող են զգաստացնել նրան հաջորդողին, սակայն փոփոխությունները ոչ թե փոքր, այլ մեծ քայլերով պետք է արվեն:

«Ակնհայտ է, որ աշխատանքից ազատված պաշտոնյաները թերացել են, այլապես խաչբառ չեն լուծել, որ ում անվան վրա կանգնի, որոշեն ու հանեն: Նորանշանակ պաշտոնյայի համար էլ նախորդի հեռացումը զսպող գործոն կարող է լինել, սակայն եթե մարդը թերացել է, պաշտոնից հեռացումը նրա համար սանատորիա է` կգնա կադրերի ռեզերվ ու կսպասի հաջորդ պաշտոնին, կանցնի ջրի հատակը, մինչև անցնի վտանգը: Պաշտոնականությանը պետք է հետևի պատասխանատվությունը»,-ասաց նա։

ԱԺ պատգամավորը վստահ է,  օր առաջ պետք է արվեն հանրությանը տեսանելի փոփոխություններ: Հարցին, թե ո՞ր փոփոխությունը կզգա հանրությունը, Զոհրաբյանը որպես օրինակ նշեց, որ օրակարգում այսօր 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է, որը մեկ քայլով կբարձրացնի հասարակության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ:

 

http://www.tert.am/am/news/2016/08/08/zohrabian/2100477