Չի կարող հայի և հայի միջև լինել թշնամության, ատելության, անհասկացվածության բարիկադ. Նաիրա Զոհրաբյան

07/23/2016

ArmLur.am-ը հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավվման եւ հետագա զարգացումների շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: -Տիկին Զոհրաբյան, ՊՊԾ գնդի տարածքը արդեն մի քսնի օր է գտնվում է Սասնա ծռեր զինված խմբի հսկողության տակ: Դուք ինչպիս եք գնահատում այս իրավիճակը և ինչպիսի հանգուցալուծում եք կանխատեսում: -Այս պահին իրավիճակը գնահատում եմ փակուղային: Եթե Դուք ինձ հարցնեք, թե որն է ելքը, ես այս պահին կդժվարանամ որևէ ելք նշել: Ընդամենը կարող եմ ասել, որ այնքան փակուղային է իրավիճակը, որ այլևս ստանդարտ որևէ լուծում չի հանգուցալուծելու այս լարվածությունը: Ես բացարձակապես չեմ տիրապետում բանակցություններ գնում են, թե չէ: Մենք գիտենք, որ մեր բոլորի կողմից հարգված Վիտալի Բալասանյանը բանակցել է: Բացարձակ տեղեկատվություն չկա: Ես մի բան կարող եմ հստակ ասել` ելքը չպետք է լինի արյունահեղությունը: Մնացած ցանկացած տարբերակ, լուծում կարելի է քննարկել և որքան շուտ կողմերը պատրաստ լինեն իսկապես քննարկելու ստեղծված իրավիճակը և լուծումներ գտնեն, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար: Սա միանշանակ է: -Դուք ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումները: -Եթե չգտնվի հանգուցալուծում, էլի են լինելու: Պետք է արագ գտնել հանգուցալուծում: Չի կարող հայի և հայի միջև լինել թշնամության, ատելության, անհասկացվածության բարիկադ: Օր առաջ այդ բարիկադը պետք է քանդել: Մի տարբերակ կա քանդելու. երկխոսելով և փորձելով երկու կողմից ցուցաբերել անկեղծ շահագրգռվածություն գնալու խաղաղ հանգուցալուծման: -Տիկի′ն Զոհրաբյան, իսկ Ձեր կարծիքով ինչո՞ւ այս ամեն ինչը սկսվեց: -Տարբեր քաղաքական վերլուծաբաններ, քաղաքագետներ տարբեր գնահատականներ են հնչեցնում, թե ինչի հետ կապված կարող էր լինել: Ես նորից եմ կրկնում` չունենալով հստակ տեղեկատվություն չեմ կարող թեմայի շուրջ խոհափիլիսոփայական տեսակետներ հայտնել: Բայց հստակ է, որ երկրում կան բազմաթիվ լրջագույն պրոբլեմներ, կա արդարության լրջագույն ճգնաժամ: Մեր երկրում կա հուսահատության հասցված հասարակության մի խավ և, բնական է, որ հուսահատության եզրին հասած քաղաքացին այն քաղաքացին է, ով ընդունակ է ամեն ծայրահեղ քայլերի:

Արփինե Թովմասյան 

 

http://armlur.am/559450/