Չէր կարող աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն կրակել․ Վահե Էնֆիաջյան
Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան դեպքից հետո ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված է, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:
«Չէր կարող աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն կրակել»,- այս կարևոր հանագամանքի վրա ուշադրություն հրավիրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«26-ամյա երիտասարդը, ով առողջական խնդիր չունի, սոցիալապես ամեն ինչով ապահովված է, փայլուն ապագա ունի, ընտանիքի անդամները հարգված մարդիկ են… և հանակարծ ինքնասպանության քայլի է գնում: Ի՞նչ տրամաբանություն կա այստեղ: Սովորաբար ինքնասպանության դեպքում հաղորդագրություն են թողնում դրդապատճառի վերաբերյալ, իսկ նա ընկերների հետ օրեր առաջ քննարկել է առաջիկա նախընտրական ժամանակահատվածում իր և իր ընկերների անելիքների մասին,-«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարությունը հապճեպ էր տրված:
«Քաղաքում պաստառներ են տեղադրվել, որը մեծ զայրույթ է առաջացրել Վարդևան Գրիգորյանի կողմնակիցների մոտ և վիճաբանություն է տեղի ունեցել»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով, որ եթե հանցագործություն է տեղի ունեցել, բնականաբար հերքելու են և փորձելու են ապակողմնորոշել: