ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

11/16/2009
Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 17-ը նշվում է որպես ուսանողների միջազգային օր: Այս տարի Աբովյանի ուսանողական խորհուրդը մեծ շուքով նշեց ուսանողների միջազգային օրը: Միջոցառմանը ներկա էին հարգարժան հյուրեր, պետական այրեր: Միջոցառմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր, Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ուսանողական խորհրդի նախագահ Վեներա Գյուլինյանը, հակիրճ կերպով ներկայացրեց ուսանողական խորհրդի գործունեությանը: Այնուհետև խոսքը տրվեց Աբովյանի ուսանողական խորհրդի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին: Նա ուսանողներին շնորհավորեց տոնի կապակցությամբ և մաղթեց ուսման մեջ հաջողություն: Այնուհետև ուսխորհրդի նախագահ Վեներա Գյուլինյանը պատվոգրեր հանձնեց ուսանողական խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին, իսկ պարոն Ծառուկյանն անակնկալ մատուցեց ուսանողներին` նրանց պարգևատրելով 500-ական ամերիկյան դոլլարով:

Խոսքը տրվեց սպորտի և երիտասարդության նախարար պարոն Արմեն Գրիգորյանին: Նա նույնպես շնորհավորեց ուսանողներին և մաղթեց նորանոր հաջողություններ: Շնորհավորանքի խոսք ասեց նաև ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի անդամ, ԲՀԿ-ի երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ` Վահե Էնֆիաջյանը: Խոսեց նաև «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն` Ազնիվ Չիզմիչյանը:

Աբովյանի ուսանողական խորհուրդը նաև ընտրել էր ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ և պատվավոր անդամներ: Պատվավոր նախագահի կոչումը ստացավ պարոն Գագիկ Ծառուկյանը: Իսկ պատվավոր անդամներ ճանաչվեցին Աբովյան քաղաքի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, սպորտի և երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը,   ԲՀԿ-ի Քաղաքական խորհրդի անդամ, ԲՀԿ-ի երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը, «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմիչյանը և Աբովյան քաղաքի ԲՀԿ տարածքային կառույցի նախագահ Գեղամ Հայրապետյանը: Կազմակերպվել էր ցուցահանդես հարգարժան հյուերի համար, որտեղ ցուցադրված էին ուսանողական խորհրդի ուսանողների աշխատանքները և տոնն ավելի հետաքրքիր դարձրեց ուսանողական խորհրդի դրոշով պատկերված տորթը: Ուսանողներն իրենց տոնը շարունակեցին ռեստորանային համալիրում: