Ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո

04/03/2024


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը 
 «Հրապարակ» օրաթերթին



Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու։ Ես գնալու տեղ չունեմ, ես գնալու ցանկություն չունեմ։ Ես ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, շենացնել իմ երկիրը։ Ամբողջ կյանքս կառուցել եմ իմ երկրում՝ գործարաններ, եկեղեցիներ, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ... Ես հիմա անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո։ Ձեւ տանք, ասենք՝ բան չի՞ եղել, չե՞նք թողել անտեր մեր հազարամյա հայրենիքը, մեր քաղաքները, մեկը մյուսից սիրուն մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր հողը, մեր գերեզմանները։ Եթե կա մարդ, որ կարող է այս ամենը մոռանալ, ես չեմ կարող։ Եվ իմ հանդիպումները, հանրային ակտիվությունը, միջազգային շփումները պայմանավորված են մեր երկրի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։ Իմ հանդիպումների մասին եթե խոսենք, մամուլը երեւի դրանց 20 տոկոսի մասին է գրում։ Ես անընդհատ հանդիպում եմ Հայաստանի եւ սփյուռքի տարբեր շրջանակների հետ, ազդեցիկ մարդկանց հետ, գրագետ, ունակ մարդկանց հետ, որ հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչպես օգնենք մեր երկրին։ Այս անհեռանկար, նվաստացած վիճակը մեր ժողովրդին սազական չէ։ Ես ուզում եմ հստակ ասել՝ լուծումներ կան, ելքեր կան, անելու շատ գործ կա։