Ո՞ր հայ կին պատգամավորն է, որ մեքենա գնելու հնարավորություն ունենալով հանդերձ՝ ոտքով կամ մետրոյով է ԱԺ գնում, ինչո՞ւ է այդ քայլին դիմել, ինչո՞ւ է վարորդը իրեն վատ զգացել, ի՞նչ է փնտրում քաղաքում եւ ավելին

02/27/2016

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, թեեւ ավտոմեքենա ունենալու հնարավորություն ունի, բայց նախընտրում է ոտքով քայլել կամ մետրոյով երթեւեկել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահը:

«Երբեւէ մեքենա վարելու ցանկություն չեմ ունեցել: Դա ինձ չի հրապուրել ոչ մի տարիքում: Թեեւ կարող եմ միջին հնարավորություններով մեքենա գնել: Նաեւ վախեր չունեմ ո՛չ մեքենա, ո՛չ օդանավ նստելուց»,- նշեց ԱԺ պատգամավորը: Տանն էլ անձնական ավտոմեքենա չունեն: Ամուսնու՝ Սամվել Մկրտչյանի ավտոմեքենան իր որդին է վարում:

Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն է, ունի ծառայողական մեքենա, սակայն նախընտրում է ԱԺ՝ աշխատանքի գնալ կամ ոտքով կամ մետրոյով: «Բնակվում եմ Աբովյան փողոցում եւ ԱԺ գնալը ոտքով մոտ 17 րոպե է: Հաճախ նաեւ մետրոյից եմ օգտվում՝ Երիտասարդականից նստում եմ եւ անմիջապես Բաղրամյանում իջնում: Ինձ դա շատ ավելի հաճելի է, հատկապես, երբ մետրոյում հաճախ ցուցահանդեսներ են լինում:Ավելին, ԱԺ-ից օրվա երկրորդ կեսին կամ աշխատանքային օրվա ավարտին ոտքով իջնում եմ կուսակցության գրասենյակ՝ Ալավերդյան փողոց:
Նրա խոսքով, ինքը շատ է սիրում քայլել եւ օրվա ընթացքում առնվազն 1-2 ժամ պետք է քայլի՝ դա իր հոբբիներից մեկն է:

«Դա նաեւ հնարավորություն է ինքդ քո մտքերի հետ լինելու, քո մեջ հարցեր քննարկելու: Բայց սիրում եմ մենակ քայլել, չեմ սիրում, երբ ինձ ընկերակցում են: Եթե ինչ-որ մեկն էլ փորձում է ուղեկցել, անկեղծ ասած, դա ինձ սկսում է նյարդայնացնել: Բայց մինչեւ տեղ հասնելը նաեւ մի քանի տասնյակ մարդկանց հետ եմ շփվում: Մարդիկ մոտենում են, ողջունում կամ իրենց հարցերով դիմում: Մեր տան դիմաց Մարիամ Աստվածածնի հին մատուռն է եւ Սուրբ Աննա եկեղեցին: Եկեղեցի այցելելիս եւս չի եղել օր, երբ մարդիկ չմոտենան իրենց հարցերով եւ խնդիրներով: Դե, դժգոհում են սոցիալական վիճակից, գործազրկությունից»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, Ն. Զոհրաբյանի վարորդը սկզբնական շրջանում վատ է զգացել. կարծել է՝ իր անձով է պայմանավորված, որ ԱԺ պատգամավորը հաճախ չի օգտվում իր ծառայողական մեքենայից, բայց հետաքրքրվելով պարզել է, որ խնդիրն ինքը չէ, պարզապես տիկին Զոհրաբյանը ոտքով քայլել սիրում է: Պատգամավորն անկեղծացավ, որ օրվա մեջ այդքան քայլելով իր՝ ամբողջ օրվա կուտակած հոգնածությունը, ԱԺ-ի բացասական, քաղաքական անառողջ մթնոլորտը դուրս է հանում. «Քայլելը ներքին մեդիտացիայի մի պրոցես է: Օրինակ, հիմա էլ շաբաթ օրը, քանի որ անհամեմատ թեթեւ գրաֆիկով է, մեր տանից ոտքով գնալու եմ Գնունու շուկա՝ դռան փական գնելու»: Իսկ ավտոմեքենա վարողներին էլ Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց շատ հաճախ ոտքով քայլել, որովհետեւ աշխարհը մեքենայի պատուհանից այլ է՝ ոտքով քայլելով՝ այլ: «Կրկնում եմ՝ հաճախ իջե՛ք մեքենայից, մի՛ կառչեք մեքենայի նստատեղին, որովհետեւ դուք կորցնում եք շատ հետաքրքիր մի աշխարհ, որը մեքենայի մգեցված եւ ոչ մգեցված պատուհանից այլ տեսք ունի»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը: Նաեւ ընդգծեց, որ մի պաստառ կա, որը նաև իր ամուսինն է շատ սիրել, եւ մեջբերեց. «Այդ պաստառի վրա գրված է, որ տանը քեզ սպասող կա: Բոլորը ղեկին նստելուց առաջ միշտ պետք է հիշեն, որ տանը իրենց սպասող կա»:

SHAMSHYAN.com-ը, ամեն դեպքում, Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է շքեղ մեքենա եւ անփորձանք երթեւեկություն, ինչպես նաեւ, որ ոտքով շրջելիս ավելի շքեղ կողմից բացահայտի մեր մայրաքաղաքը եւ ավելի ուրախ կողմից՝ մեր հայրենակիցներին: