ՇՈՒՐՋ ՀԱԶԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՆԴԱՄԱԳՐՎԵՑԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

04/23/2009
Ապրիլի 23-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի ունեցավ 17 պետական և ոչ պետական բուհեր ներկայացնող շուրջ հազար ուսանողների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցության հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին ողջունելու և շնորհավորելու էր եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Միջոցառումը մեկնարկեց ուսանողների հանդիսավոր երդման արարողությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ Հայկ Ակարմազյանը: Նա նշեց, որ այս օրը կրկնակի հիշարժան է, հազարավոր ուսանողներ համալրում են ԲՀԿ շարքերը, ովքեր միավորում են ուսանողությանը՝ մասնակցելու քաղաքական ակտիվ գործունեությանը: «Հզոր և զարգացած երկրում ապրել ցանկացող երիտասարդը կամ ուսանողը ունի բազմաթիվ առիթներ, որոնք հավատ են ներշնչում միանալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Կնշեմ դրանցից մեկը. երիտասարդը պետք է ունենա ինքնադրսևորման հնարավորություն: Այսօր մեր երիտասարդը ոչ թե խոսքով, այլ գործով երկրի ապագայով մտահոգ ուժեղ ղեկավարի կարիքն ունի»,- ելույթում նշեց Հ. Ակարմազյանը: 

Տարբեր բուհեր ներկայացնող ուսանողներ նույնպես ցանկացան իրենց խոսքն ասել ներկաներին: Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության մագիստրոս Էրիկ Ղազարյանը նշեց, որ ԲՀԿ-ին անդամակցելը իրենց առաջին և համարձակ քայլելից մեկն է դեպի միասնական նպատակի իրականացում՝ «կառուցելու բարգավաճ և հզոր հայրենիք»: «Ես անդամակցել եմ այս կուսակցությանը, քանի որ վստահ եմ, որ հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, հզորացնելու և շենացնելու է մեր երկիրը»,-նշեց Էրիկ Ղազարյանը:

Անդամագրված երիտասարդների շրջանում մեծ էր ուսանողուհիների թիվը: Նրանց անունից ելույթ ունեցավ Նարե Սահակյանը, ով նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ցանկացած խոսք գործ է դառնում: «Մենք գիտենք, որ կուսակցությունում գործում է ԲՀԿ Կանանց խորհուրդը, որի հետ համատեղ ծրագրեր կցանկանայինք իրականացնել»,-նշեց Նարե Սահակյանը:

Հանդիսավոր արարողության պաշտոնական ավարտին ուսանողներին շնորհավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով որ այսուհետև նոր անդամագրված ուսանողները կուսակցության վստահելի անդամներն են:   «Սիրելի ուսանողներ, տեսնելով ձեր դեմքի փայլն ու ժպիտը, շատ հուզված եմ, և ևս մեկ անգամ պարտավորված եմ զգում ձեր նկատմամբ լինելու ավելի ուշադիր և հետևողական: Այսօր շատ կարևոր և պատասխանատու օր է: Անցնում եք կուսակցության շարքերը և ԲՀԿ-ի վստահելի գործընկերներն եք: Միասին պետք է իրականացնենք մեր ծրագրերը»,-ուսանողներին ողջունելիս նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Միջոցառման պաշտոնական հատվածի ավարտից հետո, հյուրասիրության ընթացքում, պրն. Ծառուկյանը ոչ պաշտոնական միջավայրում շփվեց երիտասարդների հետ, ծանոթացավ նրանց առաջարկներին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երիտասարդների հետ բաժակ բարձրացրեց և շնորհավորեց նրանց կուսակցությանն անդամակցության կապակցությամբ: