Ն. Զոհրաբյան. Օրավարձով երեխաներ են վերցնում և օգտագործում մուրացկանության համար

05/27/2015

Օրավարձով երեխաներ են վերցնում և օգտագործում մուրացկանության համար։ Այսօր ՄԻՊ-ի հաշվետվության ժամանակ այս խնդիրը բարձրացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նա վստահեցրեց` բազմիցս մուրացկանությամբ զբացվող երեխաներից հետաքրքրվել է, թե արդյոք նրանք կապ ունե՞ն այն կանանց հետ, ում հետ մուրացկանություն են անում, և պատասխանը միշտ բացասական է եղել։

«Մենք ունենք տեղեկատվություն, որ տարբեր երեխաների օրավճարով, հանցավոր համաձայնության գալով, միգուցե ոչ տնօրենի, այլ ավելի ցածր օղակների հետ, երեխային վերցնում են և օրվա վերջում հանձնում։ Ես քանիցս, երբ տեսել եմ երեխային մոր հետ, հարցրել եմ երեխային, թե արդյոք այդ կինը նրա մայրիկն է, իսկ պատասխանը միշտ նույնն է եղել՝ ոչ։ Այս պատկերը համատարած է նաև Աբովյան փողոցում, երբ ես հարց եմ տալիս, արագ հեռացնում են երեխային՝ ասելով, որ մեր օգնությունը նրանց պետք չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Նաիրա Զոհրաբյանը։

Շարունակելով խոսքը՝ նա ասաց, որ երբ փորձել է այս հարցով հետաքրքրվել, պարզել է, որ այս մեթոդը տարածված է նաև Եվրոպական տարբեր երկրներում, քանզի ծայրամասի մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում ու մուրացկանությամբ զբաղվում:

Պատգամավորի խոսքով` ինքն այս հարցով դատախազություն չի դիմել, քանզի դիմելու համար պետք է ներկայացվի  կոնկրետ մանկատների անուններ, իսկ ինքը խոսել է մուրացկկանությամբ զբաղվող  մի քանի երեխաների հետ, որոնք վստահեցրել են, որ  իրենց մայր ներկայացող կինը իրենց  հետ որևէ առնչություն չունի:

«Երեխայի խոսքը չի կարող  վերջնական փաստ լինել, ուստի ես ընդամենը  իմ այս հայտարարությամբ ուզում եմ ուշադրություն դարձնել պատկան մարմինների, որ մոնիտորինգ անեն Երևանի հատկապես կենտրոնական փողոցները` Աբովյան, Սայաթ-Նովա և այլն, որտեղ  ուղղակի վխտում են  երեխաներով մուրացիկներըև փորձեն պարզել, թե երեխաներն այդ կնոջն են, թե ինչպես վերջին շրջանում շատ է այդ մասին խոսվում 'պռակատով են' վերցված չունևոր հարևանից կամ մանկատներից»,- ընդգծեց պատգամավորը:

www.aysor.am