Ն. Զոհրաբյան. Դավութօղլուն խախտեց կանոնակարգը՝ «группа поддержки» բերելով Վեհաժողով

04/19/2016

«Դավութօղլուի ելույթը ուղղակի զավեշտ էր՝ ժողովրդավարությունից, հանդուրժողականությունից, ռասիզմի ու ահաբեկչության դեմ պայքարից: Ընդ որում այդ ամենի մասին խոսում է մի երկրի վարչապետ, որտեղ էթնիկ ու կրոնական անհանդուրժողականությունը ամենացայտուն և խայտառակ դրսևորումներից է: Մամուլի ազատությունից խոսում է մի  երկրի վարչապետ, որտեղ ընդդիմադիր մամուլը իշխանությունների և գործող նախագահի մշտական ճնշումների տակ և որտեղ բանտերը լցված են լրագրողներով և  բլոգերներով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի այսօրվա ելույթը Վեհաժողովում:

Պատգամավորի խոսքով` հասկանալով իր ելույթի զավեշտը` Թուրքիայի վարչապետը իր հետ նիստերի դահլիճ էր բերել, այսպես կոչված, «группа поддержки»՝ Ստրասբուրգում ապրող 100-ից ավելի թուրք երիտասարդների, որոնք տեղավորվել էին նիստերի դահլիճի օթյակներում, խախտում էին կանոնակարգը՝ ամեն զառանցանքանման ու զավեշտալի հայտարարությունից հետո ծափահարելով, ինչը ԵԽԽՎ կանոնակարգի խախտում է (օթյակներում նստած հյուրերը որևէ կերպ իրավունք չունեն միջամտելու կամ խանգարելու Վեհաժողովի աշխատանքներին ու ելույթներին):

Ն. Զոհրաբյանը նշեց, որ Դավութօղլուն ևս խախտեց ԵԽԽՎ կանոնակարգը, ինչը ենթադրում է, որ մեկ ժամանոց նիստի ընթացքում նա պետք է ելույթ ունենար առնվազն 30 րոպե, իսկ մնացյալ ժամանակը հատկացվում է հարցերին: Բայց քանի որ Թուրքիայի վարչապետը հրաշալի հասկանում էր, թե հարցերը ինչ բնույթի են լինելու, նա 50 րոպեն օգտագործեց իր ելույթի համար, իկ մնացյալ 10 րոպեն թողեց հարցերին, թեև այդպես էլ չկարողացավ խուսափել քննադատությամբ լի հարցադրումներից՝ Թուրքիայում տիրող հակաժողովրդական վիճակի, էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների, խոսքի ազատության խայտառակ պատկերի և այլնի մասով: Հայկական պատվիրակությունը, ցավոք, ժամանակի սղության պատճառով չկարողացավ նրան հարցեր ուղղել:

«Դավութօղլուն անգամ այդ հարցադրումներին պատասխան չուներ և ուղղակի բացահայտ դեմագոգիայով էր զբաղվում ՝ ինչ-որ սրտաճմլիկ  ու ուղղակի ծիծաղելի պատմություններ բերելով փախստական հղի կանանց մասին և այլն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում  է  Լեռնային Ղարաբաղի մասին Դավութօղլուի հայտարարությանը, ապա Ն.Զոհրաբյանը նշեց, որ  մեզ համար որևէ նորություն այդ հայտարարության մեջ չկար.

«Ակնհայտ է, որ ինչի մասին էլ խոսեր Դավութօղլուն՝ նորություն որևէ իմաստով չէր լինելու»:

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Դավութօղլուի ելույթից հետո ֆրանսիական պատվիրակության երեք անդամ, օգտվելով վարման կարգից, իրենց բողոքը հայտնեցին առ այն, որ Թուրքիայի վարչապետը իրեն ուղղակի անհարգալից է պահել՝ միտումնավոր զրկելով պատգամավորներին իրեն հարցեր տալու հնարավորությունից և խախտել  է ԵԽԽՎ օրակարգը՝ իր հետ դահլիճ բերելով մարդկանց, ովքեր խանգարում էին նիստի բնականոն ընթացքը իրենց ծափերով.
 
«Ադրբեջանի և Թուրքիայի մեծ բարեկամ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը փորձեց դեմոկրատ ձևանալ՝ ասելով, թե իր համար ևս անընդունելի էր Թուրքիայի վարչապետի պահվածքը, բայց ինքն իրեն իրավունք չվերապահեց խախտել Թուրքիայի վարչապետի խոսքի ազատության իրավունքը: Ահա այսպիսի թատերականացված միջավայրում անցավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ինքնահարցուպատասխանը»:

www.aysor.am