Ն. Զոհրաբյանը սեպտեմբերի 1-ին թիվ 141 դպրոց է տարել երեխային, ում ինքնասպանություն գործած մայրը փորձել էր սպանել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր Նոր Նորքի թիվ 141 դպրոց է տարել Ֆրունզե Նահապետյանին՝ երեխային, ում մայրը, ով ինքնահրկիզվելու ճանապարհով ինքնասպանություն էր գործել, նրան փորձել էր սպանել իր հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` ի պատասխան հարցի, թե ինքը ի թիվս բազմաթիվ այլ պաշտոնյաների, որ այսօր` Գիտելիքի օրվա կապակցությամբ տարբեր դպրոցներ էին այցելում, ո՞ւր է գնացել:
«Հիշում եք՝ Մասիվում դեպք եղավ, երբ մայրը հոգեկան անհավասարակշիռ վիճակում մուրճով հարվածել էր երեխայի գլխին, հրդեհել էր տունը, իրեն և երեխային, ինչի արդյունքում մայրը մահացավ, իսկ երեխան հրաշքով ողջ մնաց: Ես խոստացել էի երեխային, որ անպայման սեպտեմբերի 1-ին ինքս` իր թաթիկը բռնած` տանելու եմ դպրոց: Եվ այսօր ես Ֆրունզե Նահապետյանին, երեխային, որը դեռ մի քանի բարդ վիրահատություն ևս պետք է տանի, ուղեկցել եմ Մասիվի 141 հիմնական դպրոցը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ պատգամավորն ասաց, որ երեխայի ապաքինման ողջ ամիսների ընթացքում պարբերաբար եղել է երեխայի կողքին և այսօր առաջին անգամ նրա դեմքին ժպիտ է տեսել, երբ մոտեցել է դասընկերներին ու նրանց հետ մտել դասարան: