Նման անփույթ ձևով քննարկված Հարկային օրենսգիրքը կործանարար է ՀՀ-ում մնացած 1-2 տնտեսվարողի համար. Ն. Զոհրաբյան

09/29/2016

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նախքան ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ քվեարկության կդրվեր Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, քաղաքական մեծամասնությանը հորդորեց հետաձգել օրենսգրքի քվեարկությունը:

 

«Իսկապես, չի կարելի նման խաղի կանոններ սահմանել, չի կարելի նման անփույթ ձևով նման նախագիծ դնել քվեարկության։ Ես հորդորում եմ չդնել վատ վիճակի մեջ այն պատգամավորներին, ում հանձնարարված է քվեարկել կողմ: Այլապես այն կործանարար է լինելու Հայաստանում մնացած 1-2 տնտեսվարողների համար»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այլ պատգամավորներ ևս՝ այդ թվում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու Ռուբիկ Հակոբյանը, խոսում էին նման կարևոր փաստաթղթերը «շըփ-թըփ» ռեժիմով քննարկելու ու քվեարկելու անթույլատրելիության մասին:

Ավելին` Հեղինե Բիշարյանը վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ, չնայած ձևավորվել է նոր կառավարություն, այն աշխատում է հին ոճով ու ձեռագրով:
 

http://www.tert.am/am/news/2016/09/29/Zohrabyan/2147518