Ն.Զոհրաբյանն անդրադարձավ գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններին
2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին, բարձրացրեց գազալցակայաններում տեղի ուենացած դժբախտ դեպքերի հարցը. «Վերջին 10 օրում 2 ողբերգական դեպք գազալցակայանում, Ձեր պատասխանատվությունը տեսնո՞ւմ եք: Վերջին 10 օրում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի արդյունքում երկու հոգի մահացան, ուզում եմ Ձեր դիրքորոշումը իմանալ, ինչի՞ արդյունքում է դա եղել և ի՞նչ հետևություններ եք անելու»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ գիտի՝ խնդիրը կանոնակարգվում է ՏԿԱԻՆ և Էկոնոմիկայի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում:
«Ձեր պատասխանատվությունը տեսնո՞ւմ եք տեղի ունեցածում, ինչի՞ բացթողումների արդյունքում եղավ դա»,-հարցրեց Զոհրաբյանը: Էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանեց, որ ԱԳԼՃԿ-ների կանոնակարգման հստակ մեխանիզմ կա, որոնք գործում են Կառավարության ընդունած համապատասխան որոշումներով. «Ունենք որոշման կարգեր, որոնց վերահսկողությունը ՏԿԱԻՆ է սահմանում, միանշանակ ասել, թե ինչն է միջադեպի պատճառը, չեմ կարող ասել, բայց այդ ոլորտում շատ խնդիրներ ունենք, պետք է նայել բոլոր բաց ու թույլ մասերը, որ պետք է այդ մասով ձգենք»,-ասաց Տարասյանը:
Փոխնախարարը նաև հավելեց, որ ԱԳԼՃԿ-ների մասով շատ խիստ նորմեր են գործելու ԵՏՄ շրջանակներում, և 2016 թվականի հունվարի մեկից հետո դրա ազդեցությունը ակնհայտ կլինի: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե ինչո՞ւ է միշտ այդպես լինում, որ «դժբախտ դեպքերից հետո ենք սկսում հետհայացք գցել». «Հիմա էլ պետք է սպասենք հունվարին, որ նոր խստացումները գործեն»,-ասաց նա:
Irakan.info