Նաիրա Զոհրաբյան. Օր առաջ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն
"Եթե մեր նորանկախ հանրապետությունում ինչ-որ մի ինստիտուտ կարելի է "քչից-շատից" կայացած համարել, ապա դա չորրորդ իշխանությունն է, դա լրատվամիջոցներն են",- լրագրողների հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ վերջինս եւս մասնակցում էր մի շարք լրատվամիջոցների ղեկավարների կազմակերպած "Հանուն խոսքի ազատության" հավաքին: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ լրատվամիջոցների շնորհիվ է, որ հնարավոր եղավ օպերատիվ տեղեկատվություն ստանալ թե՛ ապրիլյան պատերազմի մասին, թե՛ ՊՊԾ գնդի գրավման եւ զարգացումների մասին. "Ասում են` այս պաշտոնյային հանեցին, այն պաշտոնյային հանեցին, եթե ինչ-որ պաշտոնյա իր պաշտոնում թերացել է, ապա տարօրինակ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մարդուն հանում, մարդուն պետք է հանեն եւ պատասխանատվության ենթարկեն: Եթե մարդուն հանում են, ուղարկում են կադրերի ռեզերվ, այսպես ասած, "իջիր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը": Այդպես չպետք է լինի, մենք պետք է իմանանք, թե նշյալ մարդիկ ինչու են պաշտոնանկ եղել, եւ երկրորդը՝ այդ պաշտոնանկությանը պետք է հետեւի նաեւ պատասխանատվությունը. Մարդիկ իրենց բացթողումների համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, թե չէ կարդում ենք՝ այս ինչին հանել են, վաղը կուղարկեն ինչ-որ երկրի դեսպան: Օր առաջ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն, իսկ մեր իրավապահ համակարգը, եթե մտքին դնում է, շատ լավ էլ կարողանում է գտնել իրական մեղավորներին":
http://www.aravot.am/2016/08/10/725351/