Նաիրա Զոհրաբյան. Սուպերէլիքսիրների համացանցային մարքեթինգին պետք է դատի տալ
Հայաստանում գործում է կասկածելի ապրանքների համացանցային վաճառք, որոնք չեն վերահսկվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով ֆինանսական բուրգերի պատժի մասին օրինագծի քննարկմանը:
Զոհրաբյանի խոսքով՝ նման ճարպիկները, մասնավորապես, կոսմետիկա եւ սննդային հավելուկներ են իրացնում: Ըստ որում՝ ոչ մեկը չի կարող ասել՝ արդյոք դրանք առողջության համար անվտա՞նգ են: Փաստն այն է, որ այդ պատրաստուկները հաճախ ոչ մի տեղ գրանցված չեն: Ֆինանսական այդ բուրգերում իշխում է աղանդավորական ռեժիմը: Նրանց հարգանքն են վայելում նրանք, ովքեր ավելի մեծ թվով մարդկանց կհիմարեցնեն, որպեսզի իրացնեն ապրանքը, հավելել է նա: «Սուպերէլիքսիրների եւ այլ ապրանքների վաճառքի այդ ցանցերը պետք է պատժվեն: Դժվարությունն այն է, որ այդ սխեմաների կազմակերպիչները հաճախ Հայաստանի սահմաններից դուրս են, եւ նրանց բռնելը դժվար է: Վերջերս ինձ են դիմել կոսմետիկայի վաճառքի այդպիսի խարդախությունից տուժածները: Նրանք ներդրած գումարներն, իհարկե, կորցրել են: Իսկ դրա վրա հարստացել է այլ երկրի քաղաքացին, միջազգային մասշտաբի մեծահարուստ: Ես չեմ բարձրաձայնի այդ կոսմետիկայի մակնիշը, քանի որ խարդախները շատ ագրեսիվ են»,- ասել է Զոհրաբյանը: