Նաիրա Զոհրաբյան. Կոչ ԵԽԽՎ պատգամավորներին` չօգնել Ռոբերտ Վոլտերին ամոթալի զեկույցը գրելու գործում
Անհասկանալի է, թե ինչպես պիտի Ռոբերտ Վոլտերը զեկույց գրի Լեռնային ղարաբաղում «իրավիճակի սրման մասին», եթե նա երբեք չի եղել Lեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ զեկուցողը չի էլ մտածում դիմել ԼՂՀ իշխանություններին մուտքի այցագիր ստանալու համար: ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրավարության հարցերի հանձնաժողովում, ըստ Զոհրաբյանի, քննարկվելու է Ռոբերտ Վոլտերի՝ մեզ համար լիովին անընդունելի զեկույցի մշակումը: Զեկույցը կրելու է «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը: «Բնականաբար, հանձնաժողովում մեր ներկայացուցիչները պարտադիր կներկայացնեն մեր հակափաստարկները: Ես ինքս երկու օր առաջ ԵԽԽՎ Միգրացիայի եւ փախստականների հարցերով հանձնաժողովի նիստում, Փարիզում խոսել են վերջին օրերին սահմանին լարվածության աճի մասին»,- նշել է Զոհրաբյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ ինքն էլ եղել է Տավուշի մարզի սահմանամերձ գոյւղերում, որոնք գնդակոծվել են ադրբեջանական կողմից, անգամ ծանր սպառազինությամբ: «Ես ներկայացրեցի իրավիճաը՝ ԵԽԽՎ պատգամավորներին կոչ անելով չօգնել Ռոբերտ Վոլտերին ամոթալի զեկույցը գրելու գործում, որի իրական նպատակն ու դրդապատճառներն արդեն պարզ են, այլ պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ»,- ասել է Զոհրաբյանը՝ նշելով, որ ներկայացրել է նաեւ Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի վերջին ռազմատենչ հայտարարությունները: Ըստ Զոհրաբյանի, ԵԽԽվ-ում լրջորեն անհանգստացած են սահմանի իրավիճակով, ու չնայած միգրացիայի հանձնաժողովի օրակարգում նման հարց չի եղել, իրենք են խնդրել մանրամասն ներկայացնել իրավիճակը: