Նաիրա Զոհրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա ելույթը քաջ մարդու ելույթ էր
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար Լևոն Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա ելույթը քաջ մարդու ելույթ էր՝ նա գիտի, որ հասարակության 99 տոկոսն իր հետ համաձայն չէ. «Այս մեսիջներով, այս օրակարգով գնալ խորհրդարանական ընտրությունների, նշանակում է ուղղակի վտանգի տակ դնել ՀԱԿ-ին», փոխանցում է «Ա1+»-ը: Տիկին Զոհրաբյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շատ մտքերի հետ համաձայն չէ, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության: Բայց հատկապես չի պատկերացնում, թե ինչպես է Իլհամ Ալիևը ռացիոնալ մտածող գործիչ. «Ես Ալիևին տեսել եմ և Բաքվում Միլի Մեջլիսում, որտեղ ինքը բացարձակապես ցնդաբանություններ էր դուրս տալիս. և Ստրասբուրգում, որտեղ ինքն ավելի անադեկվատ էր»: Բարգավաճ Հայաստանը կողմնակից է հակամարտության կարգավորման բաց երկխոսությանը և հատկապես լուծման մասին Արցախի ժողովրդի դիրքորոշումը հաշվի առնելուն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խոսնակը հենց նույն օրը ելույթից անմիջապես հետո հրապարակեց սոցհարցում, որին ծանոթ ենք բոլորս՝ ԼՂ բնակչության 99,7 տոկոսը դեմ է տարածքները հանձնելուն անգամ կարգավիճակի դիմաց»: Նյութի աղբյուրը`Hayastan24.com