Նաիրա Զոհրաբյան. «Ծառուկյան» դաշինքին Ուրիխանյանի միավորման որոշումը պետք է ընդունի Գագիկ Ծառուկյանը
«Ծառուկյան» դաշինքին Տիգրան Ուրիխանյանի միավորման որոշումը պետք է կայացնի Գագիկ Ծառուկյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական յուրաքանչյուր միավոր իր դիրքորոշումը հայտնելու իրավունք ունի: «Տիգրան Ուրիխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ իր հայտարարության մեջ ամեն ինչ շատ լավ է ներկայացրել: Ավելացնելու ոչ մի բան չունեմ»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին՝ ինքը ողջունո՞ւմ է Ուրիխանյանի որոշումը, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց. «Ես ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ: Բնականաբար, որոշումը պետք է ընդունի մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ինքը եւ իր «Ալյանս» կուսակցությունը մտադիր են խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում: