Նաիրա Զոհրաբյան. «Ես շատ եմ հարգում Լյուդմիլա Սարգսյանին»
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը շատ է կարեւորում կանանց ներկայությունը խորհրդարանում: Նկատենք, որ նոր Ընտրական օրենսգրքով ավելացվում է ընտրացուցակներում կանանց ներգրավվածությունը: Ցուցակի յուրաքանչյուր չորրորդը պետք է կին լինի: «Բանակցությունները քաղաքական ուժերի հետ առաջիկա օրերին կավարտվեն եւ կհրապարակվեն, թե ո՞ր ուժերը կլինեն դաշինքում: Ինչ վերաբերում է կանանց, ես շատ կարեւոր եմ համարում գրագետ եւ պատրաստված կանանց ներկայությունը խորհրդարանում: Անկեղծ լինենք, թեեւ այսօրվա խորհրդարանում կանայք տոկոսային առումով քիչ են, բայց որակական առումով, բացառությամբ մեկ-երկուսի, ովքեր այդպես էլ չկարողացան հարմարվել քաղաքական մթնոլորտին եւ կայանալ, մնացած բոլոր կին պատգամավորները շատ ակտիվ, շատ պատրաստված պատգամավորներ են: Ուստի, իսկապես, շատ կարեւոր է, որ ոչ միայն ընտրացուցակներում, այլ նաեւ խորհրդարանական խմբակցություններում լինեն կանայք, որովհետեւ կանանց ներկայությունը խորհրդարանում նաեւ կոտրում է լարված ու կարծր մթնոլորտը: Մանավանդ, հաշվի առնելով այն, որ ապագա խորհրդարանը դառնում է թիվ մեկ քաղաքական մարմինը, իր լարվածությամբ եւ էսկալացիայի առումով, կարծում եմ՝ շատ ավելի սուր անկուններով խորհրդարան է լինելու: Որքան այնտեղ շատ լինեն խոհեմ, գրագետ եւ պատրաստված կանայք, այդ առումով այնքան կշահի բոլորի ընդհանուր գործը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Հետաքրքրվեցինք «Ծառուկյան» դաշինքում կանանց ներգրավվածությամբ, մամուլում տարբեր անուններ են շրջանառվում: Նաեւ` հստակեցվե՞ց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ կուսակցության ատենապետ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի`դաշինքին անդամակցության հարցը: «Թույլ տվեք բանակցային գործընթացից որեւէ բան չասել: Միայն մեկ բան կարող եմ ասել`ես շատ հարգում եմ Լյուդմիլա Սարգսյանին: Տիկին Սարգսյանին համարում եմ իսկապես պատրաստված գործիչ: Գիտեք, մարդը, քաղաքական գործիչն ընդհանրապես պետք է լինի կանխատեսելի: Պիտի նաեւ քաղաքական կոռեկտություն եւ նրբանկատություն ունենա, ինչը ես այս տարիների ընթացքում տեսել եմ Լյուդմիլա Սարգսյանի մոտ: Ամենակարեւորը`իր մարդկային որակներն ինձ համար շատ գնահատելի են: Մնացածը, բնականաբար, որոշելու է Գագիկ Ծառուկյանը»:
http://www.aravot.am/2017/02/01/851350/#sthash.ufeet9TR.dpuf