Նաիրա Զոհրաբյան. «Ես խոսել եմ այն սուբյեկտների մասին, ովքեր իրենց խոսքը սկսում են՝ «Ես՝ Ամոն Աստծո կլոնս» առոգանությամբ»

12/16/2016

«Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ ես իմ ելույթում շատ հստակ ասեցի այն, ինչ ուզում էի ասել եւ բոլորի համար էլ պիտի պարզ լիներ, թե ես կոնկրետ ի՞նչ երեւույթ նկատի ունեմ։ Որ հանրությունն իր ձայնը տվել է հիմնականում Ծառուկյան բրենդին եւ ԲՀԿ տեսլականին, դա փաստ է եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը դա վիճարկում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին` երեկ ձեր ելույթում  խոսելով ԲՀԿ-ի մասին, նշեցիք, որ թե 2007-ին եւ թե 2012-ին հանրությունն իր ձայնը հիմնականում տվել է Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ ծրագրին, ինչից ենթադրություն արվեց, որ ԲՀԿ-ն եւս մարդ կուսակցություն է։ «Որ մեզանից յուրաքանչյուրը եւ առաջին հերթին մեծամասնականով ընտրված պատգամավորները, ովքեր յուրաքանչյուրն իր համայնքում հեղինակություն է, իրենց լուրջ ձայները բերել են կուսակցությանը, դա եւս փաստ է։ Եվ որ համամասնական ցուցակի դեպքում այդ ձայները բերվել են ոչ այնքան եւ ոչ հիմնականում որպես առանձին անհատներ, այլ թիմի անդամներ, ովքեր միավորվել են ԲՀԿ բրենդի տակ, դա եւս, լինենք անկեղծ, այդպես է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Ուստի, այո, հիմնական ձայները տրվել են Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ եթե Նաիրա Զոհրաբյանը չմասնակցեր 2007-ի կամ 2012-ի ընտրություններին, դրանից ԲՀԿ-ին տրված ձայները էական փոփոխություն չէին կրի, ինչ փոփոխություն որ կկրեն Ծառուկյանի չմասնակցության դեպքում»։ Նաիրա Զոհրաբյանը պնդում է. «ԲՀԿ-ն մարդ կուսակցություն չէ եւ չի կարող լինել, որովհետեւ մենք մեծ թիմ ենք, բայց թիմ, որը համախմբվել է ԲՀԿ բրենդի ներքո եւ դա անչափ որոշիչ է եղել ու որոշիչ է լինելու ընտրողի կողմնորոշման հարցում։ Անկեղծ ասած, ինձ թվում էր, իմ խոսքում ես հստակ ամեն ինչ ասացի. խոսքը վերաբերում է քաղաքական դաշտի այն սուբյեկտներին, ովքեր իրենց բոլոր հրապարակային ելույթները սկսում են՝ «Ես՝ Օլիմպիոսից իջածս, ես՝ Զեւսի ժառանգս, ես Ամոն Աստծո կլոնս, ես՝ ժողովրդի միակ ընտրյալս» եւ որոնց թվում է, որ եթե իրենք չլինեն այս կամ այն թիմում, թիմը դաժան ու ջախջախիչ կորուստ կկրի։ Ես շատ պարզ խոսեցի քաղաքական բոնապարտիզմի մասին, որը ցավոք, մեր իրականության մեջ լուրջ պրոբլեմ է դառնում՝ ապականելով քաղաքական դաշտը»։ Իսկ որ ԲՀԿ-ի յուրաքանչյուր պատգամավոր եւ հատկապես մեծամասնականով ընտրված պատգամավորներն իրենց լուման ունեն ԲՀԿ բրենդի կայացման գործում, մեր զրուցակիցը հստակեցնում է`դա քննարկման ենթակա չէ. «Բայց որ ձայների հիմնական եւ որոշիչ մասը դա Ծառուկյանն ու ԲՀԿ հավաքական բրենդն է, չեմ կարծում, որը որեւէ մեկը դա պատրաստ է հերքել»։ 

http://www.aravot.am/2016/12/16/837912/