Նաիրա Զոհրաբյանի հորեղբոր որդին Խարբերդում պարտվեց Նաիրա Զոհրաբյանին
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցած արդյունքները՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց. «ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում, որտեղ որ ԲՀԿ-ն առաջադրել էր թեկնածուներ, կամ մենք սատարել ենք անկուսակցականների, բացառությամբ Աշտարակի՝ մեր թեկնածուները հաղթել են: Չնայած, մասնավորապես, Մասիսի եւ Արտաշատի շրջանների գյուղերում ՀՀԿ ներկայացուցիչները կատաղի պայքար են մղել մեր թեկնածուների դեմ: Ավելին՝ անգամ անպարկեշտ քայլի են դիմել՝ Խարբերդում ԲՀԿ-ական թեկնածուի դիմաց առաջադրելով Նաիրա Զոհրաբյանի հորեղբոր որդուն, եւ այդ երիտասարդին Մասիսի ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրել էր, որ ինքն անձամբ է ապահովելու իր հաղթանակը: Արդյունքում՝ Խարբերդում եւս ԲՀԿ թեկնածուն հաղթեց: Ինչ վերաբերում է Աշտարակին, ապա մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ թեկնածուն, որին առաջադրել էր Աշտարակի ԲՀԿ կառույցը մեր գործընկեր Լյովա Խաչատրյանի նախաձեռնությամբ, հաղթելու առանձնակի մեծ շանսեր չուներ: Բայց մենք սատարեցինք երիտասարդ թեկնածուին, քանի որ խնդիր ունեինք խորհրդարանական ընտրություններից առաջ Աշտարակում վերակազմավորել ԲՀԿ տարածքային կառույցը եւ ակտիվացնել կառույցի աշխատանքը»:
http://www.aravot.am/2016/09/19/736753/