Նաիրա Զոհրաբյանի հետ որևէ տարաձայնություն չկա. Վստահեցնում է ԲՀԿ կառույցի ղեկավարը
Մամուլը շարունակում է ԲՀԿ-ում տարաձայնություններ ու ինտրիգներ փնտրել: Հերթական խնդիրը վերաբերում է ԲՀԿ Բաղրամյանի կառույցի ղեկավար Սամվել Սիմոնյանին, ով, իբր, ինչ-ինչ խնդիրներ ունի կուսակցության հետ կապված: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս նշեց՝ լուրերը որևէ աղերս իրականության հետ չունեն:
-Պարոն Սիմոնյան, ի՞նչ խնդիրներ կան կառույցի և կուսակցության հետ կապված:
-Բացարձակ ոչ մի խնդիր չկա: Պարզապես տարածքի սեփականատերը, որտեղ մենք վարձակալում ենք, վաճառել է բնակարանը ու օժանդակ տարածքը: Իսկ նոր սեփականատերը չհամաձայնեց մեզ վարձակալությամբ տարածք տրամադրել: Այսինքն՝ զուտ տեխնիկական խնդիր է:
-Իսկ ինչ-որ խնդիրներ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Իմ և տիկին Զոհրաբյանի միջև երբեք տարաձայնություն չի եղել, նույնիսկ ամենափոքր հարցերի շուրջ: Այդ պատճառով ես ուղղակի զարմանում եմ, թե ով է նման ստոր լուրեր տարածում: ԲՀԿ Բաղրամյան տարածքային կառույցը նորմալ, բնականոն աշխատում է: