Նաիրա Զոհրաբյանը փոխնախարարին. «Դուք լավատես ե՞ք, թե՞ հոռետես»

05/27/2015

«Ես պատկանում եմ լավատեսների շարքին: Իրավունք էլ չունեմ այլ կերպ մտածել բավական աշխատանք է արվել, հիմնական նպատակը եղել է ի հայտ բերել համատեղելի տարրերը: Արդեն կա բազա, հուսանք, որ առավել արագ տեմպերով կկարողանանք առաջ գնալ»,- այսօր, խորհրդարանում, եվրաինտեգրման հանձնաժողովի մշտական նիստում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը`պատասխանելով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցին: Պատգամավորը նկատել էր, որ Ռիգայի գագաթաժողովից հետո, ՀՀ-ում եվրաինտեգրմանը միտված հանրությունը երկու մասի է բաժանվել`լավատեսների եւ հոռետեսների: Առաջինները մտածում են, որ դա ՀՀ-ի համար նոր հնարավորություն է, երկրորդները կարծում են, որ վերջին պահին ՌԴ-ն կրկին մահակի իր քաղաքականությամբ կխանգարի ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նա փոխնախարարից հետաքրքրվեց`ո՞ր խմբին է պատկանում Կարեն Նազարյանը եւ արդյոք մինչեւ տարեվերջ կունենանք ՀՀ-ԵՄ հարաբերությունները հստակեցնող նոր փաստաթուղթ: «ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ, մեր անելիքներից տեղյակ են նաեւ մեր ռազմավարական գործընկերները»,- ասաց փոխնախարարը: Նա նաեւ տեղեկացրեց, որ բանակցային մանդատը ստանալուց հետո հնարավոր է ԵՄ- ՀՀ վիզաների ազատականացման շուրջ նոր բանակցություններ սկսվեն, որոնք կհանգեցնեն ՀՀ քաղաքացիների`ԵՄ երկրներ մուտքն առանց արտոնագրի թույլատրելուն: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն առավել ուղիղ հարց տվեց`ՌԴ-ի հետ խորհրդակցություններ եղել ե՞ն`ՀՀ-ԵՄ բանակցությունների մասով: «ՌԴ-ի հետ խորհրդակցություններ եղել են եւ դա շարունակական գործընթաց է»,- ասաց Կարեն Նազարյանը`կրկնելով թե ՀՀ-ի հարաբերությունները ԵՄ-ի հետ երրորդ երկրի դեմ ուղղված չեն:  Նա նաեւ հավելեց, որ ԵՄ-ին ինտեգրման խնդիր ՀՀ օրակարգում չկա, խոսքը խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի եւ սերտ համագործակցության մասին է: Դեռ պարզ չէ նաեւ, թե ովքե՞ր են ՀՀ-ից լինելու ԵՄ-ի հետ բանակցողները: Նախկինում ԱԳՆ-ն է եղել: Նոր ցուցում դեռ չկա: Բայց ենթադրաբար, շահառուները կմնան նույնը: 

www.aravot.am