Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի տեսակետը ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի վերաբերյալ: Նա նշել է, որ օրերս հանդիպել է Հայաստանում ԵԽ ներկայացուցչի հետ եւ քննարկել Հայաստանի համար 2015-2018 թթ. ԵԽ-ի կողմից նախաձեռնած գործողությունների ծրագիրը, որը ներառում է ոլորտների լայն շրջանակ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատության համակարգում օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարական կառավարմանն աջակցություն: Տիկին Զոհրաբյանն ընդգծել է, որ առաջիկայում վերոնշյալ բոլոր ուղղություններով հանձնաժողովը ներկայացնելու է գործողությունների իր ծրագիրը եւ փորձ է արվելու համատեղ աշխատել դրանց շուրջ: Հանձնաժողովի նախագահը նշել է նաեւ, որ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանությունների եւ ՀՀ-ում ներկայացված ԵՄ դեսպանների հետ ինքը բազմիցս քննարկել է ԵՄ-ի կողմից իրականացվող թե՛ ուղղակի բյուջետային ֆինանսավորման եւ թե՛ դրամաշնորհային ծրագրերի հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու հարցը՝ նշելով, որ ԵՄ ներկայացուցչության աջակցությամբ այդ մեխանիզմները պետք է առավել արդյունավետ գործեն:
Որպես ԲՀԿ նախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նաեւ կուսակցության դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: